Ֆրանսիական համալսարանի շրջանավարտների ասոցիացիան հայտնում է ՕԵԿ-ի կողմից շահարկման մասին

06-12-2018 18:40

Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամի (ՀՖՀՀ) շրջանավարտների շահերն ու իրավունքները ներկայացնող «ՈՒՖԱՌ շրջանավարտների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը Ձեր ուշադրությունն է հրավիրում ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ՀՖՀՀ շրջանավարտների անունը շահարկող քարոզչական նյութերի վրա: Այսպես, արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) կողմից նախընտրական քարոզչության շրջանակներում պատրաստվել և համացանցի ու արտաքին գովազդի միջոցով տարածվել է մի պաստառ (կից), որում առանց ՀՖՀՀ շրջանավարտների համաձայնության շահարկվում է նրանց անունը և տարածվում է ապատեղեկատվություն: Քարոզչական պաստառի բովանդակությունից պարզ է դառնում, որ նշված քաղաքական ուժի կողմից «Հայաստանում ֆրանսիական համալսարանը», ինչպես նաև նրա շրջանավարտները ներկայացվում են որպես նշված կուսակցության գործունեության և դրա արդյունքների հետ առնչություն ունեցող անձինք: Այդուհանդերձ, քարոզչական պաստառը իրականության հետ չհամապատասխանող տեղեկատվություն ներկայացնելու հետ մեկտեղ կոպտորեն խախտում է բուհի ապաքաղաքականացված լինելու գաղափարը, ինչպես նաև վերջինիս շրջանավարտներին առանց համաձայնության ներքաշում է ընթացիկ քաղաքական գործընթացներում: Քարոզչական նյութ հանդիսացող պաստառում մեր անհանգստությունն է առաջացրել նաև այն, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը ներկայացվում է որպես ՀՖՀՀ «հիմնադիր և նախագահ», ինչը չի համապատասխանում իրականությանը: ՀՖՀՀ հիմնադիր փաստաթուղթ կանոնադրությունում ուղղակիորեն սահմանված է, որ Համալսարանի հիմնադիրներ են համարվում Հայաստանի Հանրապետությունը և Ֆրանսիայի Հանրապետությունը: ՀՖՀՀ կանոնադրությունը սահմանում է նաև համալսարանի կառավարման մարմինները, որոնք են՝ «Համալսարանի Հոգաբարձուների Խորհուրդը և գործադիր մարմինը»: Այսինքն, ՀՖՀՀ նախագահ՝ որպես համալսարանի ղեկավարման մարմին, գոյություն չունի: Արթուր Բաղդասարյանը զբաղեցնում է համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնը, որի կարգավիճակը, կազմակերպման և ընտրության կարգը սահմանված են: Համալսարանը նույնպես արձագանքել է կատարվածին և վկայակոչելով կանոնադրության 1.7. կետը՝ «Համալսարանը չի հետապնդում քաղաքական կամ կրոնական նպատակներ և չի հարում որևէ քաղաքական կուսակցության»,  հայտարարել, որ Հայաստանում ֆրանսիական համալսարանի էթիկայի կանոնները հիմնված են ինտելեկտուալ անկախության վրա և որևէ քաղաքական կուսակցություն չի կարող նախընտրական քարոզարշավի ընթացքում օգտագործել ՀՖՀՀ-ի համբավը: Դեկտեմբերի 5-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում քննվեց և մերժվեց Ասոցիացիայի դիմումը (կից), որով Ասոցիացիան խնդրում է միջոցներ ձեռնարկել «Օրինաց երկիր» կուսակցության կողմից իրականությանը չհամապատասխանող և ՀՖՀՀ շրջանավարտների իրավունքները ոտնահարող քարոզչական նյութերը հեռացնելու համար: Ելնելով նրանից, որ ՀՀ ընտրական օրենսգրքում նախընտրական քարոզչական նյութի բովանդակությանը ներկայացվող որևէ պայման նախատեսված չէ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը իրավասու չէ գնահատելու նախընտրական քարոզչության նյութի բովանդակությունը և քարոզչական նյութի բովանդակությամբ պայմանավորված որևէ կերպ միջամտելու ընտրություններին մասնակցող կուսակցությունների կողմից նախընտրական քարոզչության իրականացմանը: Ասոցիացիան կոչ է անում առանց շրջանավարտների համաձայնության չօգտագործել ասոցիացիայի անդամների համբավը և պահանջում է չշահարկել շրջանավարտների հավաքական անունը որևէ քաղաքական ուժի քարոզչական նյութերում: Չնայած ընտրական օրենսգիրքը չի նախատեսում մեխանիզմներ իրականությանը չհամապատասխանող քարոզչական նյութերը ԿԸՀ միջոցով հեռացնելու համար, Ասոցիացիան կշարունակի միջոցներ ձեռնարկել խնդրահարույց պաստառի մասով մեր անդամների դիրքորոշման մասին հանրությանը իրազեկելու նպատակով: «ՈՒՖԱՌ շրջանավարտների ասոցիացիա» հասարակական կազմակերպություն 

Lragir.am
06-12-2018 18:40