Ստեֆանո Սերապյանի հիմնած իտալական Serapian նորաձևության տունը 90 տարեկան է

06-12-2018 20:21

Միլանի  Serapian նորաձևության տունը, որն իր ստեղծման պահից ի վեր մեծ համբավ ունի՝ արդեն 90 տարեկան է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Վեդոմոստի»-ն, 1928 թվականից ի վեր այն արտադրում է նրբագեղ պայուսակներ և այլ կաշվե իրեր: Ստեֆանո (Ստեփան) Սերապյանն ազգությամբ հայ է և տաղանդավոր արհեստավոր: Նա իր խանութը բացել էր Իտալիայի Լոմբարդիա մարզի վարչական կենտրոնում՝ Միլանում, թանկարժեք խանութների փողոցներից հեռու, և փոքր-ինչ հեռու քաղաքի կենտրոնից: Արդեն 90 տարի է, ինչ Serapian նորաձեւության տունը նույնացվում է ամենանրբագեղ կանանց ու տղամարդկանց հետ, ովքեր միշտ հիշում են, որ կարող են պատվիրել կամ Յոմելի փողոցում գտնվող արվեստանոցում գնել կաշվից պատրաստված ցանկացած իր: Serapian-ը, որը հայտնի է նրբագեղ պայուսակներով, ամենևին էլ ցանկությունների պասիվ իրականացնող չէ: Միլանի այս նորաձևության տունը միշտ նորարար է եղել, որն իր նույնականությունը որոնելիս «դիմել է» ճարտարապետությանն ու դիզայնին: Ընկերության բացահայտումներից է քաշմիրի կաշին, նյութ, որի անունն է Stepan: Serapian-ը Միլանի ոճի լավագույն «սուրհանդակն» է, որը տիպիկ իտալական է և ամենաբարձր աստիճանի կոսմոպոլիտ իր բազմակողմանի շքեղությամբ:

Lragir.am
06-12-2018 20:21