Լազարեւյան ակումբը ռուսական տրոյական ձի է մեր հասարակական կյանքում

Մեր զրուցակիցն է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը Պարոն Պապյան, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով ՀԱՊԿ գագաթնաժողովի հետաձգմանը, հայտարարել է, որ Ուշակովի մեկնաբանությունը կարիք չունի վերահաստատման, իսկ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակի հայտարարությունն անհանգստություն է առաջացնում: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը: Նախ ուզում եմ նշել, որ իրարամերժ են կողմերի տված տվյալները: Ռուսական կողմը երկու անգամ վերահաստատեց, որ հայկական կողմի խնդրանքն է եղել հետաձգել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի քննարկումը և որպես պատճառաբանություն՝ նշվեց խորհրդարանի արտահերթ ընտրությունները, հայկական կողմը դա հերքեց, նշեց, որ դա ռուսական կողմի խնդրանքն է եղել: Եվ հենց այսպիսի իրարամերժ տեսակետներն իսկապես որոշակի լարվածության ցուցանիշ են: Չեմ ասի, որ շատ էական բաների վրա դա կարող է ազդել, որովհետև արդեն իսկ որոշակի լարվածություն կա, արդեն իսկ ակնհայտ է, որ Հայաստանը կորցրեց գլխավոր քարտուղարի պաշտոնը և շահեց Ռուսաստանը, այսինքն՝ Բելառուսին էլ չի հասնի այս մեկուկես տարին, Ռուսաստանը այս իրավիճակը կձգձգի և կպահի իր ներկայացուցչին այդ պաշտոնին: Ավելին, ես կարծում եմ, որ Ռուսաստանը նաև կհրահրի հայկական կողմին, որպեսզի վերջինս վետո կիրառի նաև Բելառուսի թեկնածության վրա առաջիկա ընտրությունների ժամանակ: Եվ անկախ նրանից, թե Նիկոլ Փաշինյանն ինչ քաղաքականություն կիրականացնի, բազմիցս ասել եմ, որ եթե անգամ շատ ավելի պրոռուսական լինի, քան Սերժ Սարգսյանը, միևնույն է, որպես հեղափոխական ճանապարհով իշխանության եկած քաղաքական գործիչ՝ ինքն անընդունելի է Պուտինի համար, հետևաբար, այս լարվածությունը մնալու է: Եվ ինչպես ասում են՝ մի քիչ էլ կվատանա և այդպես կմնա: Այսինքն՝ Ռուսաստանը խանդո՞վ է մոտենում այս փոփոխությանը, քանի որ վերահսկողությո՞ւնն է կորցրել: Չէ, վերահսկողությունը չի կորցնում, Ռուսաստանը շատ լավ վերահսկում է Հայաստանին, թերևս ավելի, քան Սերժ Սարգսյանի ժամանակ, և վերահսկում է նաև Նիկոլ Փաշինյանին: Այստեղ վերահսկողության մասին չէ խոսքը, այլ նախադեպի անընդունելիության: Ռուսաստանի համար պարզապես անընդունելի է, որ մարդը կարող է փողոցային դեմոկրատիայով գալ իշխանության, առավել ևս, երբ իրենք այդ պաշտոնի համար նախատեսում էին սեփական մարդուն՝ հանձին Կարեն Կարապետյանի, որը չստացվեց: Հետևաբար, ելնելով այդ երկու պատճառներից՝ մեր հարաբերությունները կշարունակեն լարված մնալ: Օրերս տեղի ունեցավ Լազարևյան ակումբի առաջին նիստը Երևանում, որին հրավիրված էր Ռոբերտ Քոչարյանը: Ինչո՞ւ այս ակումբը եկավ Հայաստան և ի՞նչ է եկել անելու, աջակցելո՞ւ Քոչարյանին դեկտեմբերի 7-ից առաջ: Ռուսական քաղաքական գործիչները և վերլուծաբանները բազմիցս նշել են, որ Ռուսաստանը սխալ է աշխատում նախկին սովետական հանրապետություններում, մասնավորապես Հայաստանում և աշխատում է միայն իշխանության հետ: Այսինքն՝ փափուկ ուժի կիրառումը Ռուսաստանի կողմից շատ թույլ է և իրենք անընդհատ մեղադրում են Արևմուտքին, մասնավորապես ԱՄՆ-ն, որ նրանք օգտագործում են այդ հասարակական ոլորտն իրենց պետական շահն առաջ մղելու: Եվ այդ դիտանկյունից նայելով՝ Ռուսաստանը որոշել է վերաթարմացնել իր Գրիբոյեդովյան ակումբը մեկ այլ անունով: Հայերը հեշտ են այդ խայծն ուտում, երբ հայկական ծագմամբ մեկին դեմ են տալիս: Դա ավելի ընդունելի է՝ Լազարյաններ և այլն, մտածում են, որ այդ ազգանունով ավելի լավ կլինի: Պարզապես փափուկ ուժի միջոցով փորձում է իր ազդեցությունը Հայաստանում առաջ մղել: Բնականաբար, ինքն իր քաղաքականության մեջ ներառում է բոլոր այն անձանց, ովքեր կարող են իրեն օգտակար լինել, մասնավորապես Քոչարյանը, ով ունի իր ազդեցության լծակները, անսպառ քանակությամբ փող ունի և շահագրգռություն ունի, և փաստորեն Քոչարյանին բռնել-բաց թողնելը և ընդհանրապես Նիկոլի բռնել-բաց թողնելու տակտիկան հանգեցրել է նրան, որ Քոչարյանը, ՀՀԿ-ն մոռացությունից դուրս են եկել և դարձել են քաղաքական գործոններ: Հիմա իր դեմ ցանկացած այլ գործողություն Քոչարյանը փորձելու է ներկայացնել որպես քաղաքական հալածանք, և մենք տեսնում ենք նման քայլեր, նման մոտեցում այլ գործիչների կողմից ևս: Այսինքն՝ Լազարևյան ակումբը ռուսական տրոյական ձի է մեր հասարակական կյանքում: Ռուսաստանից ստացած աջակցությունը որքանո՞վ կարող է այստեղ որևէ ազդեցություն ունենալ: Արդյոք այդ աջակցությունը կարո՞ղ է որևէ բան տալ Քոչարյանին: Ռուսաստանը նպատակ չունի Քոչարյանին հատուկ օգնելու, ինքը պարզապես օգտագործում է Քոչարյանին: Օգտագործելով Քոչարյանին՝ փաստորեն Քոչարյանը ձեռք է բերում որոշակի կարգավիճակ: Այսինքն՝ ստեղծվել է մի իրավիճակ, որ Ռուսաստանին փոխադարձ շահավետ է, Ռուսաստանին ձեռք է տալիս օգտագործել Քոչարյանին, Քոչարյանին ձեռք է տալիս օգտագործվել Ռուսաստանի կողմից: Իսկ ինչ վերաբերում է ամսի յոթին, շատ հավանական եմ համարում, որ, այո, կարող է կալանքի խափանման միջոցը փոխվի և կրկին Քոչարյանը ձերբակալվի, բայց նաև չեմ բացառում, որ ընտրությունները կանցնեն և կրկին խափանման միջոցը կփոխվի, և Քոչարյանը բաց կթողնվի, այսինքն՝ ակնհայտ է, որ ներկա իշխանությունները բացահայտորեն որոշ գործողություններ են անում ընտրությունների համար: Հետևաբար, կարգավիճակի փոփոխությունը և կամ ձերբակալությունը եթե տեղի ունենա, կարելի է դիտարկել այդ տեսանկյունից, ինչպես նաև մի շարք այլ գործողություններ, որ մենք տեսանք, որ տեղի են ունենում:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
06-12-2018 21:12