Որքան շատ բանավեճեր, այնքան լավ, դրանք պետք է դառնան մեր կենցաղը

06-12-2018 23:11

Մեր զրուցակիցն է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը Պարոն Քոչարյան, նախօրեին տեղի ունեցած մեծ բանավեճը կարո՞ղ է ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա: Ընդհանրապես, նորություն կա՞ր այդ բանավեճում: Ազդեցություն կունենա, թե ոչ, ոչ ոք չի կարող ասել, որովհետև ի տարբերություն, օրինակ, ԱՄՆ-ի, որտեղ դեբատներից առաջ լինում են սոցիոլոգիական հաշվարկներ, վարկանիշներ, հետո դեբատներից անմիջապես հետո նորից անում են դա և ներկայացնում հանրությանը, թե ինչ ազդեցություն ունեցան դեբատները, մեզ մոտ այդ լծակները չկան: Դրա համար անիմաստ է խոսել արդյունքների մասին: Բայց դեբատների մշակույթը առաջին անգամ կայացավ և, իմ կարծիքով, կայացավ բավականին բարձր մակարդակով, այն առումով, որ մեր հասարակությունը վերջապես տեսավ քաղաքակիրթ բանավեճ, ընդ որում՝ 11 ուժի մասնակցությամբ, ինչը հեշտ չէր: Շատերը սպասում էին ճվճվոց, իրականում բավականին բարձր մակարդակով անցավ, ինչը ես կարծում եմ՝ շատ մեծ դրական քայլ էր: Այս բանավեճում հանրության համար նորություն կա՞ր, մասնավորապես քաղաքական ուժերի հնչեցրած մտքերում, ներկայացրած ծրագրերում: Մտքերում դեռ չկար, բայց երբ սա դառնա մշակույթ և ոչ միայն նախընտրական, այլ ընդհանրապես, կարող է և ավելի շատ ծրագրեր տեսնենք: Մենք այն վիճակում ենք, որ բոլոր ոլորտներում կա պրոբլեմ: Իսկ մենք գիտենք, որ, այնուամենայնիվ, ճշմարտությունը բանավեճում է ծնվում: Եթե բոլոր ոլորտների մասնագետները թե քաղաքական ուժերի, թե փորձագետների մակարդակով պարբերաբար բանավիճեն, ընդ որում, որքան շատ, այնքան լավ, մենք կփորձենք գտնել տարբեր ոլորտների լուծման բանալիները, ոչ թե մեկը նստի ու խելոք դեմքով ասի, որ ես եմ միակ մասնագետը` ինչ ասեմ, դա պետք է լինի, այլ բանալին գտնեն այդ բանավեճերում: Մենք նկատեցինք, որ անկախ մասնակիցների պատրաստվածության, գիտելիքների պաշարի աստիճանից, բոլորը համաձայնել էին մասնակցել: Տեսակետ կա, որ Ընտրական օրենսգրքում պետք է ամրագրել բանավեճերի անհրաժեշտությունը: Կիսո՞ւմ եք այդ տեսակետը: Դուք նորից տանում եք ընտրությունների: Ես ընդհանրապես ուզում եմ ընտրությունից հանել դա: Ես ուզում եմ, որ դա դառնա մեր կենցաղը, որպեսզի ոչ թե օրենքով դա արվի, այլ չգրված օրենք լինի, որ բոլորը հասկանան, որ առանց դրա հնարավոր չէ: Ես ուզում եմ դա ընտրական տրամաբանությունից հանել: Իսկ ընդհանուր առմամբ, մենք ինչպիսի՞ քարոզարշավ ունեցանք: Սպասվածի պե՞ս  էր, թե ամեն դեպքում, առանձնահատկություններ կային: Դուք ի՞նչ առանձնացրեցիք այս քարոզարշավի ընթացքում: Ամեն դեպքում, առանձնահատկությունն այն էր, որ բոլորը հասկացան, որ քանի որ չկա ընտրակաշառք, պետք է հիմնական շեշտը դնեն քարոզարշավի վրա, ինչը և արեցին: Ոմանց մոտ դա լավ ստացվեց, ոմանց մոտ՝ ոչ այնքան, բայց միտումն ինքը շատ լավն էր: Վերջապես քաղաքական ուժերն անցկացրեցին քարոզարշավ, ոչ թե նրա համար, որ հետո միջազգային կազմակերպություններին ու հասարակությանը բացատրեն, թե ինչու իրենք անցան Ազգային ժողով, որովհետև բոլորը գիտեին՝ ոնց են իրենք անցնում, և իրենց պետք էր միայն քարոզարշավով այդ բացատրությունը տալ, այլ այս անգամ իրական քարոզարշավ տեղի ունեցավ: Ի դեպ, այս դեբատներից որոշակի առումով դժգոհ էր Գագիկ Ծառուկյանը, ով նշել է, որ բանավեճը ստացվեց, բայց իր սրտով չստացվեց, որովհետև կոնկրետ ոլորտների խնդիրները ու դրանց լուծման ծրագրերը չքննարկվեցին: Որքան էլ տարօրինակ է, ես իր հետ համաձայն եմ: Կարծում եք՝ հաջորդ անգամ շատ ավելի ծրագրային ու լո՞ւրջ բանավեճեր կլինեն: Ես չեմ ասում հաջորդ անգամ, ես ասում եմ՝ մենք ամեն ինչ պետք է անենք, քայլ առ քայլ մոտենանք նրան, որ ոչ թե քաղաքական ուժերն ուզենան անել նման բանավեճեր, այդպիսին լինի պահանջարկը: Ընդհանրապես, ինչո՞ւ քաղաքական ուժերը ծրագիր չեն ներկայացնում, ինչո՞ւ են փորձում խաղալ էմոցիաների վրա, որովհետև գիտեն, որ հասարակությունը դա է պահանջում: Հասարակությանը պետք է պատրաստել, կրթել, կամաց-կամաց հանել այս դեգրադացված վիճակից, որպեսզի հասարակությունը ոչ թե պահանջի սեր կամ ատելություն, այլ պահանջի կոնկրետ ծրագրեր: Այդ դեպքում քաղաքական կուսակցություններն իրենք էլ ստիպված կլինեն ներկայացնել այն, ինչ պահանջում է հասարակությունը: Եվ այդ դեպքում ստիպված կլինեն ներկայացնել ծրագրեր և մեխանիզմներ այդ ծրագրերն իրականացնելու համար: Ճշմարտությունը բանավեճում է բացահայտվում: Երեկ կարծես այդ ճշմարտությունը չբացահայտվեց. ավելի շատ Վիգեն Սարգսյան-Նիկոլ Փաշինյան տիրույթո՞ւմ էր բանավեճը: Ես ինչ-որ առումով ձեզ հետ համաձայն եմ, բայց դա էլ բնական էր, որովհետև ամբողջ քարոզարշավը այդ տրամաբանության մեջ գնաց: Բնականաբար, այդ քարոզարշավի պիկը պետք է այդպիսին լիներ:

Lragir.am
06-12-2018 23:11