«Սանիտեկ» ընկերությունն ի զորու չէ կատարել ձմռան ձնամաքրման աշխատանքները. Հայկ Մարության

21-12-2018 17:54

«Սանիտեկ» ընկերությունն ի զորու չէ կատարել ձմռան ձնամաքրման աշխատանքները, պարզել են Երևանի քաղաքապետարանի մասնագետները: Այս մասին այսօր լրագրողներին ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: «Այս ամենը մենք ստացել ենք որպես ժառանգություն նախորդ իշխանություններից  և փորձում ենք շտկել իրավիճակը երկկողմանի՝ թե աղբահանության, թե ձնամաքրման աշխատանքների մասով: Մենք բազմիցս այցելել ենք Սանիտեկ ընկերություն, ստուգել ենք իրենց տեխնիկան, թե ինչ վիճակում է, արդյոք աշխատուժը կբավարարի, թե՞ ոչ: Կարող եմ վստահ ասել, որ  տեխնիկայի այն քանակը, որը պետք է Երևան քաղաքը լիարժեք կերպով սպասարկելու, Սանիտեք ընկերությունը չունի: Տեխնիկան պակաս է այս պահին»,- ասաց Մարությանը: Նրա խոսքով՝ բանակցել են «Սանիտեկի» հետ, որ ներգրավեն «սուբպոդրիադներ», որոնք կսպասարկեն այս կամ այն վարչական շրջանը: Բանակցել են նաև տարբեր ճանշին ընկերությունների հետ, որպեսզի իրենց տեխնիկան ձմռան ամիսներին վարձակալությամբ տրամադրեն «Սանիտեկ» ընկերությանը: «Եվ Սանիտեկ ընկերությանը հորդորել ենք, որպեսզի իրենք վարձակալությամբ այս ամբողջ տեխնիկան վերցնեն և սուբպոդրիադներն ունենան: Ունենալով տեխնիկայի այս ամբողջ քանակը, ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք հաղթահարել ձմռան դժվարությունները»,- ասաց քաղաքապետը: Հայկ Մարությանն անդրադարձավ նաև հարցին, թե աղբահանության երկրորդ օպերատոր կլինի՞ Երևանում: Նա ասաց, որ մնում են այն տեսակետին, որ Երևան քաղաքն աղբահանության առնվազն երկու օպերատոր պետք է ունենա, եթե ոչ ավելին: «Բայց նորից եմ ասում՝ նախորդ իշխանութուններից մենք ունենք այս ժառանգությունը Սանիտեկ ընկերության տեսքով: Ընկերություն, որը շատ վատ վիճակում է այսօր, ունի կոնկրետ մեքենաների պակաս: Ես սա ասում եմ, որ մեր բնակչությունն իմանա, սա օբյեկտիվ պատճառ է, մեքենաներ չունեն: Իրենք գիշեր-ցերեկ են այս պահին աշխատում, որովհետև մենք ենք ստիպում իրենց անընդհատ: Մենք 10-ից ավելի անգամ հանդիպել ենք տնօրինության ու սեփականատերերի հետ, ամեն անգամ շատ խիստ կերպով նախազգուշացրել ենք, հորդորել ենք, ես չեմ կարող ասել՝ ստիպել բառը, որպեսզի սուբպոդրիադներ վերցնեն, որոնք իրենց կօգնեն: Ո՞վ է մեղավոր, բնականաբար, մեղավոր է Սանիտեկ ընկերությունը: Բայց ես մեղարդում եմ նաև նախկին իշխանությանը, որ թույլ են տվել մեկ կազմակերպության մի ամբողջ քաղաքի աղբահանությամբ զբաղվել: Եթե ես այն ժամանակ լինեի քաղաքապետ, բացառվում էր, որ այսպիսի բան լիներ»,- նշեց քաղաքապետը: Նա ասաց, որ «Սանիտեկի» ղեկավարության հետ առաջին իսկ հանդիպումից ինքն սկսել է խոսել երկրորդ օպերատոր ներգրավելու մասին: Երկար բանակցություններ են եղել, և շատ բնական է, որ «Սանիտեկը» չի ուզում, որ երկրորդ օպերատոր մտնի դաշտ, որովհետև իրենք վարկեր ունեն: «Կա պայմանագիր, որով աշխատում ենք, այս պայմանագիրը 12 տարով է կնքված, այսինքն՝ դեռ բավական երկար ժամանակ ունենք: Եթե մենք սկսենք կտրուկ գործողություններ անել, անհնար է դատական պրոցեսից խուսափել: Ո՞րն է մեր խնդիրն այստեղ՝ տուգանենք այս ընկերությանը, սեղմենք-սեղմենք, թե՞ այն, որ մաքուր Երևան ունենանք: Ես ձեզ վստահեցնում եմ, որ մենք հիմա գնում ենք միակ ճանապարհով, որը մեզ թույլ է տալիս ունենալ մաքուր Երևան: Ես չեմ ուզում շատ չակերտներ բացել, որովհետև դա կխանգարի բանակցային գործընթացին: Մենք արդեն եկել ենք նրան, որ նրանք իրենց բերանով ասացին՝ մենք կզրուցենք մեր սեփականատերերի հետ և կսկսենք մտածել երկրորդ օպերատորի մասին: Սա ինչո՞վ է լավ, որ մենք չենք գնում դատական ճանապարհով, այլ ինքնակամ իրենք գալիս են այս մտքին, որ երկրորդ օպերատոր է պետք»,- ասաց նա:

Lragir.am
21-12-2018 17:54