Ոստիկանությունը բացահայտել է մեքենայից կատարված գողության դեպք

26-12-2018 11:06

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով ոստիկանության բոլոր ստորաբաժանումներն անցել են 24 ժամյա ուժեղացված ծառայության: Պարբերաբար ներկայացրել ենք ուժեղացված ծառայության արդյունքում բացահայտված հանցագործության դեպքեր: Անդրադառնանք ևս մեկին, որն արձանագրվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի սպասարկման տարածքում: Դեկտեմբերի 22-ի գիշերը բաժնի տարբեր ստորաբաժանումների ծառայողներից կազմված օպերատիվ խմբերը հրահանգավորվելուց հետո սկսեցին շրջագայել վարչական տարածքի փողոցներում ու բակերում: Արդյունքում Պարույր Սևակի փողոցում պարեկող կարգախումբը բացահայտեց անձնական ունեցվածքի գողության փորձ, քանի որ ոստիկանների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում հանցագործությունն ավարտին չհասավ: ՀՈԲ տեսուչ Վազգեն Ղազարյանի խոսքով՝ Պարույր Սևակի թիվ 8 շենքի մոտակայքում նկատել են մի տղամարդու, որը կասկածելի վարք էր դրսևորել: Մեկ-երկու րոպե հետո երկաթե իրով հանել է շենքի բակում կայանված մեքենաներից մեկի առջևի լուսարձակը, որը փոխանցել է մի քանի տասնյակ մետր իրենից հեռու սպասող մեկ այլ տղամարդու: Ոստիկանները անմիջապես մոտեցել են: Նրանք գցել են երկաթե իրն ու լուսարձակը և դիմեցին փախուստի: Ոստիկանները հետապնդել ու լուսարձակը վերցրած տղամարդուն բռնել են: Խոսքը Երևանի բնակիչ, 33-ամյա Սանուել Գեղամյանի մասին է: Բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց նրա «Օպելը», որի զննությամբ հայտնաբերվեցին դիմակ, պտուտակահաններ և այլն: Զննվեց նաև դեպքի վայրը, որտեղ հայտնաբերվեց «Պորշե» մակնիշի մեքենայի լուսարձակ ու երկաթե իր, որոնք առգրավվեցին: Ոստիկանները պարզել են մեքենայատիրոջ ինքնությունը, որից հաղորդում է ընդունվել: Շարունակվում են միջոցառումները փախուստի դիմած անձի ինքնությունը պարզելու, հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու ուղղությամբ: Բնակչության անդորրով ու սեփականության պաշտպանությամբ մտահոգ ոստիկանների գիշերային ուժեղացված ծառայությունները պարբերական են:

Lragir.am
26-12-2018 11:06