ՊԵԿ նախագահը բացատրել է ավտոմեքենաների մաքսազերծման նոր կարգը

10-01-2019 00:47

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը կառավարության նիստից հետո անդրադարձավ մեքենաների մաքսազերծման ինվոյսային նոր համակարգին: Ասաց, որ գործող մեխանիզմը չի հանվել, ուղղակի որոշակի փոփոխությունների են ենթարկվել իրենց մոտեցումները: «Մենք մեր կայքում մի գործիք ենք ներմուծել, որը կոչվում է հաշվիչ: Ցանկացած անձ կարող է մուտք գործել և իր ներմուծվելիք կամ արդեն ներմուծված մեքենայի վերաբերյալ տեղեկատվություն մուտքագրելով՝ ստանալ կողմնորոշիչ գին»,- ասաց նա: Ըստ Անանյանի՝ իրենք ակնկալում են, որ այն ինվոյսները, որոնցով ներկրվելու են մեքենաները, առնվազն պետք է այդ կողմնորոշիչ գներին համահունչ լինեն կամ հավասար: «Եթե, օրինակ, մարդիկ բերելու են կասկածելի ինվոյսներով մեքենաներ, միգուցե իրենք չգնան այդ քայլին: Հաշվիչով կտեսնեն, եթե արժեքը իրենց ակնկալած արժեքն է, բերեն և մաքսազերծում իրականացնեն: Այն դեպքում, երբ անձը գալիս է և իր ինվոյսը կողմնորոշիչ գնից որոշակի կամ էական շեղում ունի, մենք այդ ինվոյսը վերցնում ու ուղղակի ուսումնասիրում ենք: Եվ եթե ակնհայտ անարժանահավատության որևէ կասկած չկա, մենք մաքսային ձևակերպումն իրականացնում ենք ըստ ներկայացված ինվոյսի: Բայց դրանից հետո հետբացթողումային հսկողության ժամանակ ավելի խորը, մանրամասն ուսումնասիրում ենք այդ ինվոյսը, հարցումների միջոցով պարզում ենք արդյոք դա համապատասխանում է իրականությանը, թե ոչ»,- ասաց նա:

Lragir.am
10-01-2019 00:47