Հայաստանում Հնդկաստանի մոտ 2000 քաղաքացի կացության կարգավիճակ է ստացել

11-01-2019 15:08

Հայաստանի Հանրապետությունում ապրող 2966 Հնդկաստանի քաղաքացիներից 1000 և ավելի հոգի կացության կարգավիճակ է ստացել ուսման հիմքով, իսկ մոտ 800-ը՝ աշխատանքի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը: «2018 թվականի 9 ամսվա տվյալներով ՀՀ մուտք է գործել 21061 Հնդկաստանի քաղաքացի, իսկ ելքը կազմել է 18095 հնդիկ: Արդյունքում մնացել է 2966 հոգի, և նրանցից մոտ 2000-ը Հայաստանում կացության վիճակ է ստացել: Մոտ 200 հոգու վերաբերյալ չի կարելի պնդել, որ նրանք անկանոն միգրանտներ են, քանի որ կարող են վավեր վիզաներ ունենալ, ինչով էլ կհիմնավորվի իրենց կացությունը Հայաստանի տարածքում»,- նշեց Ղազարյանը: Նրա խոսքով՝ անշուշտ, աճ նկատվում է, որովհետև 2016 թվականին կացության կարգավիճակ ստացել է Հնդկաստանի Հանրապետության 1086 քաղաքացի, 2017 թվականին՝ 935 քաղաքացի:

Lragir.am
11-01-2019 15:08