Ու՞մ է զգուշացնում ԱԽ նախկին քարտուղարը. պատմելու շատ բաներ

Ես մի կարգավիճակում եմ, որ նման հարցերին ցավոք սրտի չեմ կարող պատասխանել: Կգա ժամանակը, ես շատ-շատ բան ունեմ ասելու ու պատմելու, բայց հիմա դրա ժամանակը չէ, հունվարի 11-ին լրագրողների հարցերին ի պատասխան հայտարարել է Արմեն Գեւորգյանը: Գեւորգյանը Հայաստանում եղել է փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի ղեկավար, տարածքային կառավարման նախարար, անվտանգության խորհրդի քարտուղար: Այդ բարձր պաշտոնները հաջորդաբար նա զբաղեցրել է սկսած Ռոբերտ Քոչարյանի նախագահությունից, նաեւ Սերժ Սարգսյանի նախագահական պաշտոնավարման տարիներին: Գեւորգյանն այժմ մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու ու արդարադատությանը խոչընդոտելու համար: Դատարանը մի անգամ մերժեց նրա խափանման միջոցը կալանքն ընտրելու քննչական մարմնի որոշումը, դատախազությունն այժմ բողոքարկել է այդ վճիռը: Արմեն Գեւորգյանի դեմ ցուցմունք է տվել հայտնի Սիլվա Համբարձումյանը, որը առերեւույթ տպավորությամբ կարծես թե կաշառատվությամբ է զբաղվել նախկին բարձրաստիճան բոլոր պաշտոնյաների հետ: Համենայն դեպս Համբարձումյանը նաեւ այլ պաշտոնյաներին կաշառք տալու մասին է հայտարարել: Նրա հետ առերեսվելու վերաբերյալ հարցին Գեւորգյանը չի պատասխանել եւ այդ համատեքստում էլ նշել է, որ շատ բան ունի ասելու, բայց այժմ դեռ ժամանակը չէ: Ի՞նչ ունի ասելու եւ պատմելու Արմեն Գեւորգյանը, եւ ինչու՞ ժամանակը չէ: Դա միայն գործով կարգավիճակի՞ց է բխում՝ լռությունը, թե՞ պարզապես Արմեն Գեւորգյանի պաշտպանական մարտավարությունից: Որովհետեւ նրա հայտարարությունը կարծես թե հնչում է նաեւ իբրեւ զգուշացում, իսկ գուցե սպառնալիք՝ ինչ որ բան պատմելու: Ու՞մ է դա ուղղված: Գեւորգյանը չի ընդունում իրեն ուղղված մեղադրանքները, թե այսպես ասած սահմանադրական կարգի տապալման կամ Մարտի 1-ի գործով, թե փողերի լվացման ու կաշառքի: Հետաքրքիր է, թե արդյո՞ք այդ առնչությամբ է նրա պատմելիքը, ու երբ է գալու դրա ժամանակը: Հայաստանում իշխանության նախկին համակարգի ներկայացուցիչները ներկայումս հայտնվել են բավականին առանձնահատուկ իրավիճակում, որտեղ հին խնդիրները հայտնվում են նոր միջավայրում եւ ստանում ավելի լուրջ բնույթ: Համակարգը փոխադարձ հարաբերությունների պարզաբանման փուլում է վաղուց, եւ Սերժ Սարգսյանի նախագահության տասնամյակից սկսած այդ խնդիրը հայտնվեց ներքին էլ ավելի մեծ լարվածության շրջափուլում: Բոլորի համար ակնառու էր, որ համակարգը սպառվում է, սկսում է աշխատել ավելի ու ավելի ծանր, ավելի ու ավելի գերջանք է պահանջվում ժամանակի փոփոխություններին ու մարտահրավերներին արձագանքելու համար, պահանջում էր լրջագույն ռեֆորմներ: Սակայն բանն այն է, որ չէր ձեւավորվում կոնսենսուս ռեֆորմների ֆինանսավորման հարցում: Իսկ հատկապես լեգիտիմություն չունեցող համակարգի համար առանց լուրջ ֆինանսավորման ռեֆորմացիայի ռիսկը դառնում էր մահացու, հատկապես այն սուբյեկտի համար, որ կրելու էր դրա պատասխանատվությունը: Իսկ դա Սերժ Սարգսյանն էր: Ոչ ոք չէր համաձայնում «վճարել» Սերժ Սարգսյանին ռեֆորմների համար, առավել եւս Ռոբերտ Քոչարյանը, պահանջելով դրա դիմաց իշխանության համարժեք բաժին: Սերժ Սարգսյանը չէր տալիս, համարելով, որ ռեֆորմացիայի շահառուները բոլորն են՝ ոչ միայն ինքը, ըստ այդմ պետք է վճարվի ոչ թե ըստ այսպես ասած իշխանության, այլ ըստ կապիտալի հարաբերակցության, այսինքն ով ավելի շատ է կուտակել համակարգի ամբողջական գործունեության արդյունքում: Ներքին այդ անհամաձայնությունը շարունակվեց մինչեւ վերջ, մինչեւ համակարգի այսպես ասած իշխանության շրջանի վախճան: Բայց հետիշխանական շրջանում խնդիրը ոչ միայն չի փակվել, այլ ստացել է նոր դրսեւորում՝ այժմ էլ կուտակածը վերադարձնելու հարցն է օրակարգում, որ դրել է հանրությունը՝ նոր իշխանության գլխավորությամբ: Դա ըստ էության նոր թափ է հաղորդել նախկին համակարգի սուբյեկտների միջեւ ներքին լարվածությանը: Պարզապես այժմ խոսքը ոչ թե համակարգի, այլ ամեն սուբյեկտի անձնական փրկագնի հարցն է: Արմեն Գեւորգյանի պատմելիքը թերեւս այդ համատեքստում է:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
11-01-2019 15:14