Մանվել Գրիգորյանը չի մասնակցել իր խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստին

11-01-2019 17:10

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր մեկնարկել է գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով դատախազության վերաքննիչ բողոքի քննությունը: Մոտ մեկ ժամ ընթանալուց հետո նիստը հետաձգվել է: Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը լրագրողներին ասաց, որ Մանվել Գրիգորյանը չի մասնակցել դատական նիստին: Փաստաբան Մկրտչյանն ասաց, որ նրա առողջական վիճակը չի ներել մասնակցելու նիստին: Նիստը նախագահել է դատավոր Արսեն Նիկողոսյանը, որը ավելի վաղ կալանքի որոշում էր ընդունել Մանվել Գրիգորյանի գործով: Այնուհետև դատավոր Դավիթ Բալայանի որոշմամբ նախորդ տարեվերջին Մանվել Գրիգորյանն ազատ էր աարձակվել կալանքից: «Նիստը հետաձգվել է զուտ տեխնիկական պատճառով, որոշակի փաստաթղթերի տրամադրման անհրաժեշտություն կա՝ միջնորդություններ ներկայացնելու համար»,- ասաց փաստաբանը: Դատարանի շենքի մոտ զուգահեռ բողոքի ակցիա են անում մի խումբ քաղաքացիներ՝ պահանջելով կալանավորել Մանվել Գրիգորյանին: Փաստաբանը դժգոհեց ակցիայի մասնակիցներից: «Այս պայմաններում չի կարող նիստը կայանալ, որովհետև խոչընդոտվում է: Սա ճիշտ մոտեցում չէ, երբ փողոցից մեկը բութը վերև է հանում, ներքև է տանում, ուզում եմ, չեմ ուզում»,- ասաց նա: Հարցին, թե ի՞նչ հիմնավորմամբ տարեվերջին դատարանը կալանքից ազատեց Մանվել Գրիգորյանին, Արսեն Մկրտչյանն ասաց, որ այդ հիմքերից է նաև Գրիգորյանի առողջական վիճակը: «Վերացել է կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը, դատարանը հարմար է գտել, որ կալանքը փոխարինվի գրավով»,- հավելեց նա: Ըստ փաստաբանի՝ որևէ հիմնավոր կասկած, թե Մանվել Գրիգորյանը կխոչընդոտի նախաքննությանը, նախկինում չի եղել, չկա նաև հիմա: «Որևէ խոչընդոտ չի լինի նաև ապագայում, որովհետև այդ մեղադրանքը մի միֆ է, սարքած է: Դա էն տիպի մեղադրանք է, որ դատախազությունը հաստատ չի կարող պահել, դրա համար օգնության են հասել ակտիվիստները»,- նշեց պաշտպանը:

Lragir.am
11-01-2019 17:10