Օպերայի մերձակայքում կանաչ տարածքների վերականգնումը ճիշտ քայլ է

Երևանի քաղաքապետարանը հանդես է եկել Օպերայի շենքի մերձակայքի կանաչ տարածքների վերականգնման նախաձեռնությամբ, ինչի մասին մասնագետները տարիներ շարունակ բարձրաձայնում էին: Բնապահպան Կարինե Դանիելյանն ասում է, որ հաջորդ նախաձեռնությամբ պետք է Երևանում կենտրոնում խստորեն սահմանափակել կառուցապատումը: «Սա շատ ճիշտ քայլ է, ինչ որ հնարավոր է, պետք է վերականգնել: Եվ կարևոր է շատ, որ կենտրոնի այն տարածքներում, որտեղ շատ հին շենքեր են, այդ տարածքները ոչ թե բարձրահարկ շենքերով կառուցապատվեն, այլ դրվեն կանաչապատման տակ»,- Lragir.am-ին ասաց Կարինե Դանիելյանը: Ըստ մասնագետի՝ այսօր Երևանի կենտրոնում կառուցպատման տակ գտնվող տարածքներ կան, այնինչ պետք է արգելել կենտրոնի կառուցապատումը: Նա հիշեցրեց, որ դեռևս տարիներ առաջ իրենց հետ համագործակցելով Քաղաքաշինության նախարարությունը մշակել էր Երևանի կենտրոնի կառուցապատումը արգելող օրենքի նախագիծ: Կառավարությունն այն հաստատել էր, բայց գնաց Ազգային ժողով ու այնտեղ «մահացավ»: «Դրանով կենտրոնի կառուցապատումը պետք է խիստ սահմանափակվեր, Երևանի կենտրոնը պետք է կանաչապտվեր: Այս օրենքը հիմա պետք է արագ ընդունել»,- ասաց նա: Ըստ բնապահպանի՝ շատ կարևոր է նաև Երևանի հատկապես կենտրոնի գազոնների հարցը, քանի որ գրեթե բոլոր հաստատությունների առաջ գազոնները վերացրել են: Որտեղ հնարավոր է վերականգնել, պետք է այդ աշխատանքներն իրականացնել: Կանաչ տարածքների առումով, ըստ մասնագետի, Երևանի կենտրոնում անմխիթար վիճակ է, չնայած որ նախկին իշխանությունները ներկայացրել էին, թե ամենամեծ քանակի կանաչ տարածքները կենտրոնում են: «Երևանը շատ մեծ կարիք ունի կանաչ զանգվածի, և մենք  կանաչ տարածքները լրացնելու լուրջ խնդիր ունենք: Համարվում է, որ կենտրոնն ամենամեծ կանաչապատ տարածքն է քաղաքում, որովհետև Հրազդան գետի ամբողջ տարածքը համարվում է լրիվ կանաչապատ և մտցված է Կենտրոն վարչական շրջանի մեջ: Բայց դա սխալ մոտեցում է, դա արվել է այն բանի համար, որ արհեստականորեն մեծացնեն կենտրոնի կանաչապատ տարածքները: Իրականում պետք է նոր գույքագրում անել, տեսնել, թե ինչ իրավիճակ է և ինչ պետք է փոխել»,- ասաց Կարինե Դանիելյանը:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
11-01-2019 18:21