Պայքարը դեռ շարունակվու՞մ է

11-01-2019 18:32

Նրանք, ովքեր պիտանի չեն հոգևոր առաջընթացի համար, զրկված են նաև այդ գիտելիքները ձեռք բերելու հնարավորությունից, քանի որ նրանք անվերապահորեն կապված են այնպիսի անվստահելի ռազմիկների հետ` ինչպիսիք են մարմինը, միտքը և պատահականությունը: Մարմինը, միտքը և պատահականությունը (չնայած որ ցանկացած պատահականության հիմքում ընկած է հիմնավոր օրինաչափություն) իսկապես ռազմիկներ են, քանի որ նյութական աշխարհում ապրող յուրաքանչյուր մարդ անընդհատ պետք է պայքարի սննդի, ապաստանի համար և միաժամանակ պետք է պայքարի, որպեսզի չզոհվի իրեն շրջապատող մյուս արարածների կամ իր նման այլ մարդկանց հետապնդման հետևանքով: Եվ չնայած այն բանին, որ մոլորակի վրա բավարար սնունդ կա, և բոլորի համար բավարար տարածք՝ միևնույն է յուրաքանչյուրը ցանկանում է ավելին նվաճել իր համար, արդյունքում ամբողջ կյանքում մեզ ուղեկցում են մշտական ​​մրցակցությունը և հակամարտությունը: Այդ պայքարում մենք հենվում ենք հենց նշված ռազմիկների վրա, քանի որ նրանց ենք համարում մեր լավագույն օգնականները, թեև իրականում դա այդպես չէ, քանի որ նրանք ցանկացած պահի կարող են լքել մեզ ամենակարևոր պահին՝ զոհվելով հենց այդ պայքարում: Իրականում, յուրաքանչյուրս էլ գիտի, որ կյանքի ընթացքում որոշ ժամանակ անց մեր մարմինը կործանվելու է, բայց սովորաբար մենք փորձում են խուսափել մահվան մասին մտածելուց, կարծես թե այն մեզ չի վերաբերում: Դրան շատ է օգնում կենցաղը մեր միտքը զբաղեցնելով առօրյա խնդիրների վրա, արդյունքում մի խնդիրը լուծելով մենք տեղ ենք տալիս հերթում կանգնած մյուս խնդիրներին և այդպես շարունակ: Դրան գումարած սովորության ուժը. ժամանակը անցնում է, ես ապրում եմ, ընտանիքս ինձ մոտ է, բոլորը առողջ են․ կարծես դա անվերջ շարունակվելու է: Ինչ-որ մեկը նույնիսկ մխիթարվում է այն հույսով, որ մահից հետո նա կմնա իր սիրելիների հետ, թեկուզ նրանց երևակայության կամ հիշողության մեջ, կամ մի այլ կերպ: Բայց մի բան է հուսալ, և ուրիշ բան է իմանալ: Իսկ մի գուցե մահը վերջը չէ, այլ մի նոր շանս՝ ավելի լավ իրավիճակում հայտնվելու, քան հիմա է, կամ եղած խնդիրներից ազատվելու և իսկապես երջանիկ լինելու: Այստեղ մենք արդեն ապավինում ենք նորին մեծություն պատահականությանը՝ այն մեզ համոզում է, որ պայքարը դեռ շարունակվում է․․․ Կարեն Ղարիբյան

Lragir.am
11-01-2019 18:32