Զախարովան խոստովանել է ծաղրը: Այս անգամ հայկական բանակը չի ազատի Ռուսաստանին

Ռուսաստանի ազգությամբ հայ քաղաքացիների հանդեպ Ադրբեջանի վերաբերմունքը հակասում է ռուս-ադրբեջանական հարաբերության ոգուն, հունվարի 11-ի ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ հայտնի խոսնակ Մարիա Զախարովան: Նա ուշագրավ է համարել սոցցանցերում բազմաթիվ հրապարակումները այդ խնդիրների մասին, թե ինչպես է Ադրբեջանը էթնիկ պատկանելությունից ելնելով խտրական վերաբերմունք ցուցաբերում եւ օրինակ արգելում ՌԴ այդ քաղաքացիների մուտքը Ադրբեջան: Զախարովան հայտարարել է նաեւ, թե Ադրբեջանի ղեկավարությունը հանդիպումների ընթացքում հավաստիացրել է, որ խնդիրը կշտկվի: Խոշոր հաշվով Զախարովան կամա, թե ակամա խոստովանել է, որ Ադրբեջանի իշխանությունն ուղղակի ծաղրում է Մոսկվային: Հակառակ պարագայում, օրինակ երկու տարվա ընթացքում «շտկված» կլիներ ՌԴ ազգությամբ հայ քաղաքացի Մարատ Ուելդանովի խնդիրը: Հասկանալի է, որ էթնիկ ծագման պատճառով խտրականության հարցը գերազանցապես վերաբերում է հայերին եւ Բաքուն ՌԴ ազգությամբ հայ քաղաքացիների հանդեպ է ցուցաբերում այն: Ընդ որում, խոսքը ոչ միայն Ադրբեջան մուտքի արգելքն է: Ադրբեջանն անգամ ձերբակալել է ազգությամբ հայ ՌԴ քաղաքացու՝ Մարատ Ուելդանովին, որի հարազատները արդեն երկու տարի ազդարարում են այդ մասին եւ խնդրում ՌԴ իշխանությանը միջամտել ու ազատել նրան ադրբեջանական բանտից: Բայց Մարատ Ուելդանովը 2016 թվականից գտնվում է ադրբեջանական բանտում: Նրան ձերբակալել են իբրեւ թե թմրանյութի իրացման համար, սակայն նրա հարազատները պնդում են, որ բուն պատճառը նրա ազգությամբ հայ լինելն է եւ Բաքուն կասկածում է լրտեսության համար: Նույն Զախարովան մի քանի անգամ հայտարարել է, թե ուշադրությամբ հետեւում են Ուելդանովի գործին: Դե, Ռուսաստանին կարծես թե չի մնացել այլ բան, քան հետեւելը: Հոկտեմբերին Երեւանում անցկացված Ֆրանկոֆոնիայի Վեհաժողովի երկրներին էր դիմել Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարը, Ուելդանովի խնդրով: դա եւս խորհրդանշական է եւ համագումարը գործնականում ապտակ էր հասցնում Ռուսաստանին, որի քաղաքացուն օգնելու համար Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականները դիմում են Ֆրանկոֆոնիայի երեւանյան Վեհաժողովի մասնակիցներին: Ադրբեջանի առաջ Ռուսաստանի անզորությունը ամենեւին զարմանալի չէ: Եթե ՌԴ ազգությամբ հայ քաղաքացի Ուելդանովը բանտարկված է Ադրբեջանում ֆիզիկապես, այսպես ասած դե յուրե, ապա ՌԴ-ն դե ֆակտո արդեն մի քանի տարի շարունակ է գտնվում ադրբեջանա-թուրքական բանտարկության մեջ՝ քաղաքական կամ ռազմա-քաղաքական բանտարկության: Ազատության գինը, որ դրվում է ՌԴ առաջ, Հայաստանի շահերն են: Մինչեւ 2016 թվականի ապրիլյան քառօրյան Մոսկվան Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ աշխույժ առեւտրի մեջ էր այդ հարցում, ինչն էլ հենց հանգեցրեց քառօրյա պատերազմի, որի շնորհիվ Մոսկվան ակնկալում էր ի վերջո ստանալ որոշակի ազատություն, երբ Բաքուն ու Անկարան մի քիչ էլ Մոսկվայի շահը կհարգեին: Իրականում Ռուսաստանը ստացավ ազատություն, բայց ոչ թե Բաքվի ու Անկարայի, այլ հայկական բանակի եւ Հայաստանի հանրության կամավորական ջանքի շնորհիվ, երբ տապալվեց Ադրբեջանի ռազմական սադրանքը: Մոսկվան հայերին իր ազատության համար շնորհակալություն հայտնեց Իսկանդերով, սակայն ժամանակի ընթացքում աստիճանաբար սկսեց նոր առեւտուրը Անկարայի ու Բաքվի հետ, իհարկե այս անգամ նկատելիորեն զգույշ: Բայց ակնառու է, որ պայմանները շարունակում են թելադրել Անկարան ու Բաքուն, որոնք հույս ունեն, որ այս անգամ կստացվի: Իսկ Մոսկվան հույս ունի, որ այս անգա՞մ էլ հայերը կփրկեն ու կպարգեւեն ազատություն, վճարելով գինը Մոսկվայի փոխարեն: Այդ հույսն իզուր է՝ այս անգամ հայերն ազատություն են ձեռք բերելու իրենց համար, որովհետեւ 2018-ի ապրիլին հեռացրել են այն համակարգը, որն այդ ազատությունը փոխանակում էր իշխանության հետ: Թուրք-ադրբեջանական ռազմա-քաղաքական բանտարկությունից Ռուսաստանի ազատությունը կախված է բացառապես հայերի այդ քայլն ամբողջական, անվերապահ ճանաչման արժանացնելուց, առանց երկդիմի խաղերի:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
11-01-2019 18:56