Ոստիկանները բացահայտել են կրթօջախում կատարված մոտ 4 միլիոն դրամի յուրացման դեպք

18-02-2019 16:14

Նախկինում կատարված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման շրջանակներում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողներն օպերատիվ տվյալներ են ստացել, որ Գառնի համայնքի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրենը չարաշահումներ է կատարել: Գլխավոր վարչության և Կոտայքի բաժնի ծառայողները համատեղ միջոցառումներով պարզել են, որ կրթօջախի տնօրենը 2004-ից 2017 թվականների ընթացքում ամուսնուն հաջորդաբար հրամանագրել է որպես դպրոցի էլեկտրիկ-փականագործ, պահակ և հնոցապան: Ամուսինը փաստացի աշխատանքի չի եկել, իսկ նրա անվամբ դուրս գրված աշխատավարձը՝ ընդհանուր 3.949.000 դրամ, յուրացվել է: Առանձնապես խոշոր չափերի յուրացման փաստով ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել: Հանգամանքները քննությամբ պարզվում են:

Lragir.am
18-02-2019 16:14