Փաշինյանի ելույթը միջազգային հանրությանն ուղղված ուղերձ էր. Մարուքյան

13-03-2019 14:02

ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Արցախում անվտանգության խորհրդի նիստում Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ նշելով, որ Արցախում անվտանգության խորհրդի նիստ անցկացնելն արդեն շատ կարևոր ուղերձ էր Մինսկի խմբի համանախագահներին: «Երկրորդ, Փաշինյանի ելույթը բավական համապարփակ ելույթ էր: Նաև կարևորում եմ, որ գրված ելույթ էր, այսինքն՝ հստակ մտածված, շեշտադրումներով ու ուղերձներով էր: Եվ երևի թե առաջին անգամ համակարգված ձևով Հայաստանի նոր իշխանությունը Արցախի հարցում հղեց ուղերձ»,- ասաց Մարուքյանը: Ըստ նրա՝ դրանք ներքին օգտագորման ուղերձներ չէին, ուղղված էին միջազգային հանրությանը, Ադրբեջանին: Մարուքյանի խոսքով՝ սպասում ենք բանակցություններին: «Եթե հիշում եք մեր քարոզարշավը, մենք ասել ենք՝ Արցախի ներկայացուցիչների վերադարձը բանակցային սեղան: Լուսավոր Հայաստան կուսակցության համար դա առաջնահերթություն է, և մենք այդ մասով աջակցում ենք իշխանությանը: Եվ ես կարծում եմ, որ Արցախի հիմնախնդրի հետ կապված Արցախում կա հստակ կոնսենսուս և աջակցություն օրվա իշխանությանը, որ այդ խնդիրը մինչև վերջ տարվի առաջ»,- հավելեց նա: Ինչ վերաբերում է բանակցություններին, ապա Մարուքյանն ասաց, որ մեծ ակնկալիքներ չունի Փաշինյան-Ալիև հանդիպումից: «Եվ ըստ էության վարչապետի ելույթում հստակ հարցեր բարձրացվեցին՝ կապված սկզբունքների և տարրերի հետ առ այն, որ դրանք պետք է մեկնաբանվեն: Եվ ոչ թե պետք է մեկնաբանվեն Ադրբեջանի սրտով կամ Հայաստանի սրտով, այլ պետք է մեկնաբանվեն միջազգային հանրության կողմից: Եվ այդ մեկնաբանությունները չպետք է լինեն կողմերի կողմից տարբեր շահեր հետապնդող հայտարարություններ: Այսինքն՝ մենք մի հատ այդտեղ միջազգային սկզբունքները հստակեցնենք, հասկանանք՝ ինչ նկատի ունեն յուրաքանչյուր սկզբունքի տակ»,- ասաց նա: Ըստ Մարուքյանի՝ առաջին հանդիպոումից հետո փաստորեն հայտարարվում է՝ եկեք այդ սկզբունքները պարզաբանենք: Կարող է լինել փաստաթուղթ, որով կհստակեցվի, թե ինչ նկատի ունեն յուրաքանչյուր սկզբունքի ներքո: Մարուքյանի խոսքով՝ Արցախի՝ բանակցային սեղան վերադառնալու հարցով հայկական կողմը պետք է միջազգային հանրության հետ աշխատանք տանի:

Lragir.am,
13-03-2019 14:02