Իմ քայլում քննարկելու են նախարարի աղմկահարույց գրառումը. Հրապարակ

15-03-2019 08:31

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նախօրեին գրած ստատուսը՝ ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության որոշ անդամների դեմ, սրել է պայքարը, որի կիզակետում ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն է, իսկ «փարդի ետեւից»  վեճին հետեւում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ով շատ մտերիմ է Զեյնալյանի հետ, ինչն ավելի է հունից հանում նախարարին: «Խնդիրն այն է, որ Նարեկ Զեյնալյանը, որը մեծ պրակտիկա ունեցող բժիշկ է եւ փորձում է իր համքարության թասիբը պահել, մարտի 22-ին հանդիպում է նշանակել բժիշկների հետ, որոնք լուրջ անհանգստացած են Թորոսյանի բարձրաձայնումից, թե իշեմիկ ինսուլտի բուժումն անվճար է, իրականում անվճար է այդ հիվանդության որոշ տեսակների բուժումը. հիվանդը գնում է բժշկի մոտ, իրեն ասում են` վճարի, վերջինս էլ` «թաղեմ ձեզ, նախարարն ասել ա` ձրի ա»: Հիմա Զեյնալյանն ուզում է իրավիճակը հասկանալ, ինչի մասին տեղյակ են պահել Թորոսյանին, ինչն էլ դուր չի եկել նրան եւ անմիջապես արձագանքել է»: Թիմում կա՞ն մարդիկ, որոնք առողջապահության նախարարի աթոռին տեսնում են Զեյնալյանին: «Չեմ կարծում: Չնայած` օբյեկտիվորեն եթե նայենք, հանձնաժողովի նախագահի կարգավիճակը նախարարի կարգավիճակին հավասար է` հետն էլ պատասխանատվություն չկա: Բայց դե ո՞վ գիտի»,- ասաց «Իմ քայլի» պատգամավորը:  Այսօր «Իմ քայլը» խմբակցության նիստ է հրավիրված, քննարկելու են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի աղմկահարույց հայտարարությունը եւ ոչ միայն:

Lragir.am,
15-03-2019 08:31