«Ջազզվեն» կոչ է անում դադարեցնել բողոքի ակցիաները

15-03-2019 09:21

«Ջազզվե» ընկերության հայտարարությունը Սիրելի երևանցիներ, այն ինչ այս օրերին տեղի է ունենում Օպերայի տարածքում ցավալի իրողություն է, որը շտկելու ու իրադարձություններն իրենց ճիշտ հուն վերադարձնելու պատասխանատվությունը յուրաքանչյուրինս է: Իրենց աշխատանքային առօրյա օրակարգը ոչ իրենց կամքով ցուցարարի ճակատագրի հետ փոխած մարդիկ այսօր քաշքշվեցին, գետնին տապալվեցին, ոմանք նաև վիրավորվեցին: Ցավոք տուժողներ եղան նաև ոստիկանական ուժերից, ու ինքնին այս փաստը գոնե մեզ հուշում է, որ պետք է կանգ առնել անհապաղ: Ոչ մի բիզնես շահ ու ոչ մի քաղաքականություն մարդկային կյանք չարժե ու մենք դա հստակ գիտակցում ենք: Կտրականապես դեմ լինելով ժողովրդի տարբեր հատվածներ իրար դեմ լարելու նոր ձևավորված ավանդույթին՝ ցանկանում ենք ընդգծել, որ մենք միշտ եղել ենք աշխատանքային խնդիրները կարգավորելու ու երկխոսության ճանապարհով հարթելու կողմնակիցը: Ցավոք այս անգամ մեզ հետ երկխոսել չկամեցան ու որոշեցին շփվել ուժի լեզվով: Ինչևէ, այսօրվա քաղաքային իշխանությունները հայտարարում են, որ ստանձնել են պատասխանատվություն քաղաքի բարեկարգման համար, ու մենք մաղթում ենք իրենց սկսած գործում հաջողություն: Ժամանակը ցույց կտա, թե որքանով էին նրանց այս քայլերն արդարացված ու որքանով էին նրանց առաջ բերած մոտիվներն ազնիվ: Հաշվի առնելով ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը՝ կոչ ենք անում մեր բոլոր գործընկեր սրճարանների սեփականատերերին և աշխատակիցներին դադարեցնել բողոքի ակցիաները և պայքարը տեղափոխել բացառապես իրավական հարթություն: «Ջազզվե» ընկերության համասեփականատեր Արմեն Պետրոսյան

Lragir.am,
15-03-2019 09:21