Ջրային կոմիտեն 22 փոքր ջրամաբարի կառուցման ծրագիր է մշակել

15-03-2019 10:38

Հայաստանը զարկ է տալիս փոքր ջրամբարների կառուցման գործին: Ջրային տնտեսության կոմիտեի նախագահի տեղակալ Միհրան Հովհաննիսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ արդեն 22 փոքր ծավալի ջրամաբրի կառուցման ծրագիր կա մշակված: «Հայաստանի ամբողջ ջրամբարներում տարեկան կուտակում ենք 1 մլրդ 200 մլն խմ ջուր: Ընդհանուր առմամբ, Հայաստանում մակերեսային հոսող ջրերի ծավալը մոտավոր 7 մլրդ խմ է, որից ոռոգման նպատակով օգտագործվում է 1մլրդ 500-ից 1 մլրդ 800 մլն խմ-ը: Մնացածը Հայաստանից հոսում է դուրս՝ հարևան երկրներ: Մենք նախատեսում ենք ավելացնել ջրամբարների թիվը: Ներկայում 22 փոքր ծավալով ջրամբարների ծրագիր կա մշակված»,-ասաց Միհրան Հովհաննիսյանը: Նշված 22 ջրամբարի ընդհանուր ծավալը կազմում է 127 մլն խմ: Ընդհանուր ծրագրի նախնական արժեքը 220 մլն դոլար է: Ջրամբարները տեղաբաշխված կլինեն տարբեր մարզերում՝ Գեղարքունիք, Շիրակ, Վայոց ձոր, Արագածոտն, Արմավիր, Կոտայք: «Նման ջրամբարների կառուցումը մեր երկրին շատ անհրաժեշտ է: Մենք սահմանել ենք առաջնահերթություններ, ըստ որոնց, օրինակ Մարտունիում, Խնձորեսկում, Կողբում, Վերնաշենում, Հարթավանում, ջրամբարների կառուցման անհրաժեշտություն կա: Եթե դրանք կառուցվեն, ապա տեղում ավելի շատ վարելահողերին ջուր հասցնելու խնդիրը կլուծվի»,-ասաց նա: Նշված ջրամբարների կառուցման ծրագիրն իրականացնելու համար պետությունը ակնկալում է մասնավոր հատվածի մասնակցությունը ներդրումների տեսքով: Ներդրումներով ջրամբար կառուցելով՝ մասնավորին հնարավորություն կտրվի այն նաև օգտագործել կոմերցիոն նպատակով՝ ՀԷԿ-ի կառուցում, ձկնաբուծություն և այլն: Արդյունքում՝ մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ բազմաթիվ համայնքներում փոքր ջրամբարներ կլինեն: Միհրան Հովհաննիսյանը նշեց, որ մասնավոր հատվածի կողմից արդեն հերաքրքրվողներ կան: «Երեկ էլ առաջարկություններ ստացել ենք: Հետաքրքրություն կա, առաջիկայում այդ առաջարկները կուսումնասիրվեն: Կարող ենք ասել, որ ջրամբարաշինության գործում պետությունը դիվերսիֆիկացնում է իր անելիքը նպաստում է նաև փոքր ջրամբարների կառուցմանը»,-ասաց Միհրան Հովհաննիսյանը: Հանրապետությունում գործում է 87 ջրամաբար, որից 12-ը խոշոր ջրամաբարներ են: Դրանց մի մասը շահագործվում է «Ջրառ» ՓԲԸ-ի, մի մասը ՋՕ-երի կողմից: Ամենամեծն Ախուրյանի ջրամբարն է, որն ունի 525 մլն խմ ընդհանուր ծավալ, որի ջուրը համաձայնագրով կիսվում է Թուրքիայի հետ: Երկրորդ խոշոր ջրամբարը Արփի լիճն է, որը մասնագետների կողմից, ճանաչվել է մի փոքր վթարային: Արդյունքում չի թույլատրվում, որ այն իր ամբողջ տարողունակությամբ լցվի: Միհրան Հովհաննիսյանը նշեց, որ ջրամբարաշինությունը բոլոր տարիներին եղել է առաջնային: Մասնավորապես, ներկայում իրականացվում է Վեդիի ջրամբարի շինարարությունը: Ծրագրի ընդհանուր արժեքը 90 մլն եվրո է: Այն սկսվել է 2016 թվականին, ավարտը նախատեսված է 2022 թվականին: Ջրամբարն ունենալու է 29 մլն խմ տարողունակություն: Ընթացքի մեջ է Կապսի ջրամբարի կառուցումը: Ներկայում իրականացվում են նախագծանախահաշվարկային աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը 60 մլն եվրո է: Այն ունենալու է 25 մլն խմ տարողունակություն: Ավարտման փուլը նախատեսված է 2021 թվականին: Կապսի ջրամբարը շահագործման հանձնելուց հետո 12 հազար հա հողատարածքների ջրապահովվածության մակարդակը կբարձրանա, Վեդու ջրամբարի դեպքում կավելանա 300 հա վարելահող, 4 հազար հա-ի դեպքում ջրապահովվածությունը ևս կբարձրանա, կլինեն հոսաքնի տնտեսումներ: Ջրամբարներից զատ՝ Միհրան Հովհաննիսյանը նշեց, որ լուրջ անելիքներ կան ոռոգման համակարգի ներքին ցանցի հետ կապված: Խողովակները բավական մաշված են: «Հիմա ստիպված ջուրը դրանցով հասնցնում ենք գյուղացիներին, սակայն արդյունքում տեխնիկական կորուստներ են լինում: Ջրի խնայողությունների, արդյունավետ ծախսի տեսանկյունից կաթիլային ոռոգումը միանշանակ հարցի լուծում է, ջրի պահանջարկն է պակասում, ջրի կորուստները բացառվում են: Բայց կաթիլային ոռոգումն ավելի շատ նորատունկ այգիների դեպքում է լավ, որովհետև 10-20 տարիների այգիների դեպքում, եթե ծառերի արմատները փռված են, ապա կաթիլային տարբերակով չեն կարող այդ դաշտի արմատային համակարգը հագեցնել»,-ասաց Միհրան Հովհաննիսյանը:

Lragir.am,
15-03-2019 10:38