Եվրոպա լիգա. Արսենալը, Չելսին և քառորդ եզրափակչի մյուս մասնակիցները

15-03-2019 10:34

Եվրոպա լիգայում կայացան 1/8 եզրափակիչի պատասխան խաղերը: Լոնդոնի Արսենալը, որը առաջին խաղում 1-3 պարտվել էր ֆրանսիական Ռենին, պատասխան խաղում իր մարզադաշտում հակառակորդին ջախջախեց 3-0 հաշվով և քառորդ եզրափակչում խաղալու իրավունք ստացավ: Արսենալից 2 գոլ խփեց Օբամեյանգը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Մեյթլենդ-Նայլսը: Լոնդոնի մյուս թիմը՝ Չելսին Կիևում 5-0 ջախջախեց Դինամոյին: Առաջին խաղում Չելսին նույնպես հաղթել էր, բայց ավելի համեստ հաշվով՝ 3-0: Քառորդ եզրափակիչում 2 ակումբ կունենա նաև Իսպանիան: Վալենսիան մրցակցի հարկի տակ 1-1 խաղաց ռուսական Կրասնոդարի հետ, ինչը բավարար էր հաջորդ փուլ անցնելու համար: Առաջին խաղում Վալենսիան հաղթել էր 2-1 հաշվով: Իսպանա-ռուսական մյուս դիմակայությունում Վիլյառեալը 2-1 առավելության հասավ Սանկտ Պետերբուրգի Զենիթի նկատմամբ: Առաջին խաղում իսպանական ակումբը հաղթել էր 3-1 հաշվով: Մեկ այլ իսպանական ակումբ՝ Սևիլիան, Պրագայում 3-4 հաշվով պարտվեց տեղի Սլավիային: Առաջին խաղում 2-2 հաշիվն էր գրանցվել, ինչը նշանակում է, որ Սևիլիան դուրս է մնում պայքարից: Պորտուգալական Բենֆիկան, առաջին խաղում 0-1 զիջելով Զագրեբի Դինամոյին, պատասխան խաղում նախ հավասարեցրեց դիմակայության հաշիվը, ապա լրացուցիչ ժամանակում ևս 2 գոլ խփեց՝ 3-0: Իտալական Նապոլին 1-3 պարտվեց ավստրիական Զալցբուրգին, սակայն առաջին խաղում գրանցած հաղթանակը՝ 3-0, հնարավորություն տվեց մտնել քառորդ եզրափակիչ: Իտալական մյուս ակումբը՝ Ինտերը, իր դաշտում 0-1 պարտվեց Ֆրանկֆուրտի Այնտրախտին: Առաջին խաղն ավարտվել էր 0-0 հաշվով: Այսպիսով, քառորդ եզրափակիչում կխաղան Արսենալը, Չելսին, Վալենսիան, Վիլյառեալը, Նապոլին, Բենֆիկան, Սլավիան և Այնտրախտը: Վիճակահանությունը տեղի կունենա այսօր՝ մարտի 15-ին:

Lragir.am,
15-03-2019 10:34