Տաջիկ-ղրղզական բախումներից հետո ղրղզական երկու գյուղերի բնակչությունը տարհանվել է

15-03-2019 11:05

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին բախումների հետևանքով Ղրղզստանի իշխանությունները որոշել են տարհանել երկու սահմանային գյուղ: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը: Մարտի 14-ի երեկոյան Ակ Սայ և Կոկ Տաշ գյուղերից բնակիչներին տեղափոխել են Բատկեն քաղաք: Մարտի 13-ին Ղրղզստանի սահմանային ծառայությունը հայտնել էր, որ նույն օրը Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանապահները կանխել են սահմանի երկու կողմերում տեղակայված գյուղերի բնակիչների միջև բախումը: Կոնֆլիկտի պատճառը ղրղզստական կողմում նոր շրջանցող ճանապարհի կառուցումն է: Տաջիկական լրատվամիջոցներն էլ հայտնել են մեկ տաջիկի սպանության և մի քանի հոգու վիրավորելու մասին: Տաջիկական կողմը միջադեպի մեղավոր է համարում Ակ Սայ գյուղի ղեկավարին: Մարտի 14-ին էլ բախում է տեղի ունեցել տաջիկական Վորուխ գյուղի մոտ, որը անկլավ է Ղրղզստանի տարածքում: Տաջիկական Վորուխի և ղրղզական Ակսայի մոտ 200 բնակիչներ քարեր են նետել միմյանց վրա: Ղրղզ-տաջիկական սահմանը ձգվում է 971 կիլոմետր, որից միայն 583-ն է նշված:

Lragir.am,
15-03-2019 11:05