Գերմանիայում հաջողակ իրավաբանն իր թեկնածությունն է առաջադրել ՍԴ դատավորի պաշտոնի համար

15-03-2019 11:02

Իրավաբանական գիտությունների դոկտոր Գոռ Հովհաննիսյանն իր թեկնածությունն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության նախագահին՝ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնի համար: Նախագահն առաջիկայում խորհրդարանին պետք է առաջադրի դատավորի իր թեկնածուին: Գոռ Հովհաննիսյանը թեկնածուի երեք հնարավոր հավակնորդներից մեկն է: Lragir.am-ը մի քանի հարց է ուղղել նրան: Պարոն Հովհաննիսյան, Դուք հավակնում եք լինել Սահմանադրական դատարանի դատավոր մի երկրում, որտեղ կա ընդհանրապես սահմանադրական մշակույթի խնդիր: Ձեր կարծիքով, սա ինչ առանձնահատկություն է առաջացնում Հայաստանի Սահմանադրական դատարանի դատավորի համար: Ինձ թվում է, որ շատ ավելի հեշտ է լինել Սահմանադրական դատարանի դատավոր մի երկրում, որտեղ սահմանադրական մշակույթը հաստատուն հիմքերի վրա է, ու ամեն բան հալած յուղի պես առաջ է գնում, քան մի երկրում, որտեղ այդ մշակույթը երերուն է, ու հենց Սահմանադրական դատարանի վրա չափազանց մեծ պատասխանատվություն է դրված ամրապնդելու և զարգացնելու այդ մշակույթը: Դա մի լրացուցիչ մարտահրավեր է, որը ես մեծ պատասխանատվությամբ ընդունում եմ ու մտածում, որ կկարողանամ հաջողությամբ հաղթահարել այն: Դուք մի առիթով նշել եք, որ Սահմանադրության առումով էական է, թե ինչպես ենք մեկնաբանում Սահմանադրությունն իրագործման տիրույթում: Այստեղ դպրոցի՞ խնդիր է, թե նախեւառաջ հանրային, եւ առավել եւս վերնախավային իրավագիտակցության եվ մշակույթի: Այն, որ Սահմանադրությունն իրականում այն է, ինչպես որ այն մեկնաբանում ու կիրառում է Սահմանադրական դատարանը, աքսիոմա է: Դա այս կամ այն երկրի առանձնահատկությունը չէ: Հարցն այլ է՝ արդյոք Սահմանադրական դատարանները միշտ ճիշտ են մեկնաբանում ու ճիշտ են կիրառում Սահմանադրությունը: Այստեղ արդեն չափազանց մեծ նշանակություն ունի յուրաքանչյուր երկրում իրավաբանական կրթության որակը, իրավունքի զարգացման մակարդակն ու ընդհանրապես կոնկրետ երկրում իրավաբանների իրավաընկալումը: Սրանք գործոններ են, որոնք անմիջական ազդեցություն ունեն այն բանի վրա, թե ինչպես են մեկնաբանվում ու կիրառվում օրենքները, ներառյալ՝ Սահմանադրությունը կոնկրետ երկրում: Քանի որ ես ունեմ երկու տարբեր երկրների՝ Հայաստանի ու Գերմանիայի բարձրագույն իրավաբանական կրթություն, հնարավորություն ունեմ համեմատելու վերը նշված գործոնները այս երկու երկրներում: Հայկական իրավունքում ես սկզբունքորեն լուրջ պրոբլեմ եմ տեսնում իրավանորմերի ճիշտ մեկնաբանման հարցում: Մեր իրավաբանների մեծ մասի շրջանում տարածված է այն պատկերացումը, թե իբր օրենսդիրն իր օրենքներում իրավանորմերը պիտի այնքան հստակ ու պարզ ձևակերպի, որ բոլոր մարդիկ դրանք նույն իմաստով ընկալեն, այնպես, որ դրանց նշանակության հարցում երբեք տարակարծություններ չառաջանան: Իրավանորմերի մասին այսպիսի պատկերացումը, սակայն, ընդհանրապես գլխիվայր շուռ է տալիս իրավանորմերի էությունը: Իրավանորմերը պետք է լինեն վերացական: Վերացականությունը իրավանորմի էական հատկանիշներից մեկն է: Նորմը վերացական ձևակերպելու համար օրենսդիրը պետք է գործածի անորոշ իրավական հասկացություններ: Իսկ անորոշ իրավական հասկացությունների գործածությունն իր հերթին անխուսափելի է դարձնում դրանց մեկնաբանման անհրաժեշտությունը: Չկա ու չի կարող լինել նորմ, որ մեկնաբանման կարիք չունենա: Շատերն օրենքներում անորոշ իրավական հասկացությունների գործածությունը համարում են որոշակիության սկզբունքի խախտում: Իրականում որոշակիության սկզբունքն օրենսդրին չի արգելում իր օրենքներում գործածել անորոշ իրավական հասկացություններ: Դրանց գործածությունը, ինչպես արդեն տեսանք, պարտադիր է: Նորմը որոշակի է այնքան ժամանակ, քանի դեռ այն կարելի է մեկնաբանել մեկնաբանման մեթոդների օգնությամբ: Այս մի օրինակի հիման վրա կարելի է արդեն ասել, որ իրավունքի մասին պատկերացումը շատ մեծ դեր ունի օրենքների ճիշտ մեկնաբանման հարցում: Մեկ այլ համեմատություն անեմ: ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասը բառացիորեն վերարտադրում է Գերմանիայի Սահմանադրության 1-ին հոդվածի 3-րդ մասը: Եթե Դուք կարդաք այդ նույն նորմի մեկնաբանությունները հայկական իրավաբանական գրականության և գերմանական իրավաբանական գրականության մեջ, Դուք երբեք գլխի չեք ընկնի, թե կարդում եք նույն նորմի մեկնաբանություններ: Մեկնաբանությունները տրամագծորեն հակառակ իմաստով են ներկայացնում միևնույն նորմի բովանդակությունը: Նույն կերպ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասը վերարտադրում է գերմանական վարչական դատավարության օրենսգրքի 40-րդ պարագրաֆի 1-ին մասը: Բայց երբ նայեք, թե այդ նորմերն ինչ իմաստով են մեկնաբանվում ու կիրառվում հայկական ու գերմանական վարչական դատարանների կողմից, ուղղակի կապշեք: Միևնույն նորմը երկու երկրներում ընկալվում է լրիվ տարբեր իմաստներով: Պատճառը, ինչպես արդեն տեսանք, իրավաընկալման տարբերությունն է: Ապրում եւ աշխատում եք մի երկրում, որը իրավունքի փիլիսոփայության,  իրավագիտության կենտրոններից մեկն է: Սկզբունքորեն կարո՞ղ եք հանրության համար մատչելի ներկայացնել առանձնահատկությունը, պատկերացնելու համար նաեւ, թե ինչ փորձով կարող եք համալրել ու հարստացնել հայկական իրավագիտության միջավայրն ու մասնավորապես սահմանադրական իրավունքի տիրույթը: Շատ երկար ժամանակ է, ինչ զբաղվում եմ սահմանադրական իրավունքով: Նախ՝ երկար ժամանակ աշխատել եմ ՀՀ Սահմանադրական դատարանում իբրև փորձագիտական-վերլուծական բաժնի գլխավոր մասնագետ: Իմ գործն այնտեղ դատարան ներկայացված դիմումների վերաբերյալ եզրակացություններ պատրաստելն էր: Դրանից հետո կրկին իրավագիտություն եմ սովորել Գերմանիայում՝ Բեռլինի Հումբոլդտի անվան Համալսարանում, որտեղ էլ պաշտպանել եմ նաև իմ դոկտորական ատենախոսությունը սահմանադրական իրավունքի ոլորտում: Ատենախոսությունը պաշտպանելուց հետո մինչ օրս պետական և սահմանադրական իրավունք եմ դասավանդում Հագենի Համալսարանում: Երկար ժամանակ սովորելու ու աշխատելու արդյունքում էականորեն փոխվել է նաև իմ իրավաընկալումը: Ես իրավունքն այժմ բոլորովին այլ կերպ եմ պատկերացնում, քան առաջ: Դրան ավելանում է նաև այն, որ գերմանական իրավաբանական կրթությունն իրավաբաններին տալիս է համոզիչ փաստարկելու հմտություններ: Գերմանական համալսարաններում ուսանողները չեն կարող հարցերին պատասխանել ուղղակի «Այո» կամ «Ոչ»: Նրանց պատասխանը պիտի լինի «Այո, որովհետև․․․» կամ «Ոչ, որովհետև․․․»: Երբ ես դասախոսություններ եմ կարդում Հայաստանում կամ երբ գիտական հոդվածներ եմ գրում, ապա դրանց վերաբերյալ արձագանքներում մարդիկ հատկապես շեշտում են այս կամ այն իրավական հարցի վերաբերյալ իմ մոտեցումների յուրօրինակությունը և իմ մեկնաբանությունների ու փաստարկների պարզությունն ու համոզչականությունը: Սրանք հատկանիշներ են, որ մեծապես օգնելու են ինձ իմ աշխատանքում և ապահովելու են իրավական հարցերի ինքնատիպ ու համոզիչ լուծումներ, որոնք մինչ այժմ հայտնի չեն հայկական իրավունքում: Ուստի մտածում եմ, որ հատկապես իմ տարբերվող իրավաընկալման հիման վրա իմ առաջարկած ինքնատիպ լուծումներով եմ հարստացնելու հայկական իրավունքը: Ձեր գնահատմամբ, իրավագիտության այսպես ասած ազգային տիրույթներում ինչպես պետք է գտնել մի կողմից համաշխարհային փորձով ձեւավորված ունիվերսալ մոտեցումների, մյուս կողմից տեղային առանձնահատկություններից բխող ուրույն մոտեցումների համադրելիությունը: Այսպես ասած մենթալիտե՞տը պետք է ենթարկվի իրավունքին, թե իրավունքը հարմարեցվի մենթալիտետին: Կա՞ այսպիսի դիլեմա ընդհանրապես: Ձեր այս հարցին պատասխանում է արդեն իրավահամեմատությունը՝ իբրև գիտություն: Փորձը ցույց է տվել, որ միջանձնային հարաբերությունների բնույթը բոլոր երկրներում սկզբունքորեն նույնն է: Եվ հենց այս իրողությունն է, որ ընդհանրապես հնարավոր է դարձրել իրավահամեմատության՝ իբրև գիտության ծագումն ու զարգացումը: Բոլոր երկրներում մարդիկ ապրում են հասարակության մեջ, որտեղ նրանք անխուսափելիորեն շփվում են իրար հետ: Նրանք կնքում են պայմանագրեր, նրանք ամուսնանում են, կազմում ընտանիք, կրթություն են ստանում, աշխատում են, հաճախ վնասում են իրար, ծնվում են, մահանում են ևլն, ևլն: Սրանք հասարակական հարաբերություններ են, որոնք բոլոր երկրներում ունեն կարգավորման կարիք: Ու քանի որ դրանք ըստ էության նույնն են բոլոր տեղերում, ուստի ժամանակի ընթացքում իրավաբանները հասկացել են, որ սկզբունքորեն կարելի է նայել, թե ինչպես է կարգավորվում այս կամ այն հարաբերությունը ուրիշ երկրներում և ընդօրինակել այդ կարգավորումները: Սկզբնական շրջանում առկա էր այն պատկերացումը, թե իրավահամեմատությունը հնարավոր է միայն մասնավոր իրավունքում, քանի որ, ինչպես արդեն ասացի, միջանձնային հարաբերությունները նույնն են բոլոր տեղերում, իսկ հանրային իրավունքի ոլորտում իրավահամեմատությունը հնարավոր չէ, քանի որ պետությունները միմյանցից էականորեն տարբերվում են թե՛ իրենց հատկանիշներով, թե՛ ձևավորման ու զարգացման պատմությամբ: Սակայն վերջին շրջանում մեծ թափ է ստացել նաև իրավահամեմատությունը հանրային իրավունքի ոլորտում, որովհետև այսօրվա գլոբալ աշխարհում արդեն ամեն բան փոխկապակցված է: Նաև հանրային իրավունքի ոլորտում պետություններին միավորում են որոշակի միջազգային ստանդարտներ, ուստի պետություններն այսօր արդեն պիտի բավարարեն որոշակի պահանջների, որոնք ընդհանուր են բոլորի համար: Եվրախորհրդի անդամ երկրների համար, օրինակ, այդ ստանդարտը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան է: Քանի որ այդ պետությունները կաշկանդված են կոնվենցիայով, ուստի այդ բոլոր երկրներում դատարաններն ազգային օրենքները պիտի մեկնաբանեն ու կիրառեն կոնվենցիայի պահանջներին համապատասխան: Արդյունքում ստացվում է, որ բոլոր երկրներում մոտեցումները իրավական հարցերի վերաբերյալ սկզբունքորեն նույնն են լինելու: Նույնը է՛լ ավելի մեծ ինտենսիվությամբ վերաբերում է Եվրոպական Միության անդամ երկրներին: Բացի այդ, այսօր Եվրոպայում Սահմանադրությունները համարյա ստանդարտացված են: Իսկ նորմերի նույն տեքստը տարբեր երկրներում արդեն այն բանի նշան է, որ դրանք պիտի ունենան նաև նույն նշանակությունը: Թեև պետությունները պահպանում են որոշակի ազատություն այս կամ այն հարաբերության կարգավորման հարցում, սակայն տարբերությունները գնալով ավելի ու ավելի նվազում են: Հետևաբար, թեև յուրաքանչյուր հասարակություն ունի իր մենթալիտետը, որն իր ազդեցությունն ունի հասարակական հարաբերությունների կարգավորման վրա, սակայն այդ ազդեցությունն անսահման չէ: Կան սկզբունքային իրավական հարցեր, որոնք բոլոր երկրներում նույն վերաբերմունքին պիտի արժանան: Մենթալիտետի դերը շատ ավելի մեծ է արդեն առկա նորմերի մեկնաբանման ու կիրառման ժամանակ: Իմ կարծիքով՝ ոչ թե մենթալիտետը պիտի ենթարկվի իրավունքին կամ իրավունքն ամբողջովին հարմարեցվի մենթալիտետին, այլ պետք է գտնել այդ երկու գործոնների փոխազդեցության լավագույն տարբերակը: Անպայման պետք է նայել ու սովորել այն երկրներից, որոնք արդեն վաղուց անցել են այն ճանապարհով, որով մենք հիմա գնում ենք, ու նաև պետք է պահպանել այն ազգային առանձնահատկությունները, որոնք մեզ տարբերում են ուրիշներից: Մեկին կամ մյուսին բացարձակ առավելություն տալ չի կարելի, դա կխանգարի հասարակության բնականոն ու ժամանակին համահունչ զարգացմանը: Աշխարհի շատ երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, փորձում են վերցնել գերմանական իրավունքի լավագույն փորձը, քանի որ գերմանական իրավունքը հասարակական հարաբերությունների արդար ու արդյունավետ կարգավորման իմաստով համոզում է շատերին: Գերմանական լավագույն փորձը մեր երկրում ճիշտ ներդնելու հարցում իմ օգնությունը պիտի որ կարևոր ու անհրաժեշտ լինի, քանի որ ես գիտեմ և՛ հայկական իրավունքը, և՛ գերմանականը: Չխոսել այս մասին հնարավոր չէ: Ինչն է Գերմանիայում հաջողակ իրավաբանին բերում Հայաստան աշխատանքի: Նախ՝ Սահմանադրական դատարանում դատավոր աշխատելը մեծ պատիվ է յուրաքանչյուր իրավաբանի համար: Այդ պաշտոնն ըստ էության իրավաբանական կարիերայի գագաթնակետն է: Բացի այդ, ստացել եմ շատ լավ կրթություն և ունեմ հարուստ ու բազմազան աշխատանքային փորձ հատկապես սահմանադրական իրավունքի ոլորտում և մտածում եմ, որ Սահմանադրական դատարանում իբրև դատավոր աշխատելն իմ գտելիքներն ու փորձը կիրառելու լավագույն հնարավորություն է ընձեռում: Ես վստահ եմ, որ Սահմանադրական դատարանում աշխատելու դեպքում էական ներդրում կարող եմ ունենալ հայկական իրավունքի զարգացման գործում:

Lragir.am,
15-03-2019 11:02