Հայտնի է, թե երբ կսկսվի պատգամավորի դատավարությունը. Փաստինֆո

15-03-2019 11:33

2018 թվականի հուլիսի 2-ին «Օլիմպավան» մարզասրահում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ոսկե մեդալակիր Նիկոլայ Հարությունովի հորը՝ Վյաչեսլավ Հարությունովին ծեծելու մեջ մեղադրվող ԲՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործով դատավարությունը կսկսվի մարտի 21-ին: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից: Նշենք, որ գործը մակագրվել է դատավոր Մեսրոպ Երջանիկի Մակյանին: Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 2-ին ԲՀԿ առաջնորդ, ԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Օլիմպավան» մարզասրահում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ծառուկյանը քննադատել էր բռնցքամարտի ֆեդերացիայի աշխատանքը, ինչի պատճառով վիճաբանություն էր առաջացել Վյաչեսլավ Հարությունովի հետ: Վիճաբանությունը վերաճել էր ծեծկռտուքի: Դրա ետևանքով չեմպիոնի հայրը մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, եւ ԱՕԿ նախագահի խորհրդական Էդուարդ Բաբայանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, այն է՝ ծանր մարմնական վնասվածքի պատճառում՝ մի խումբ անձանց կողմից, որը, սակայն, հետագայում վերափոխվել էր 112 -րդ հոդվածի  1-ին մասի` ծանր մարմնական վնասվածքի պատճառում: Չնայած առաջադրված մեղադրանքին՝  դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններին Էդուարդ Բաբայանը ԲՀԿ-ից առաջադրվել էր որպես պատգամավորի թեկնածու եւ ընտրվել ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր՝ հավաքելով 7472 ձայն: Մեղադրանքի առաջադրումից հետո իրավաբան Ռուբեն Մելիքյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում պարզաբանել էր, թե տվյալ դեպքում որքանով է գործում պատգամավորական անձեռնմխելիությունը: Նրա խոսքով՝ Ազգային ժողովի համաձայնությունը անհրաժեշտ է պատգամավորի նկատմամբ քրեական գործ հարուցելու, այլ ոչ թե իրականացնելու դեպքում, այսինքն` երբ պետք է զրոյից սկսել քրական հետապնդումը, իսկ տվյալ դեպքում այն արդեն իսկ սկսված է, հետեւաբար՝ դատավճռի ուժի մեջ մտնելուց հետո պատգամավորը առանց որեւէ խնդրի կարող է ազատազրկվել. «ԱԺ Կանոնակարգի 29-րդ գլխի 154-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` ազատազրկման դատապարտելու դեպքում դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից պատգամավորի լիազորությունները կդադարեցվեն»,-ասում էր իրավաբանը:

Lragir.am,
15-03-2019 11:33