«Շատ լրատվամիջոցներ գտնվում են հենց նման ուժերի ֆինանսավորման տակ եւ սեւ գործ են անում երկիրն ապակայունացնելու ուղղությամբ»

Մեր զրուցակիցն է մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը Պարոն Թադևոսյան, Արցախում իր ելույթում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իր ներդրումը ոչ միայն Հայաստանի և Արցախի, նաև Ադրբեջանի ժողովրդին խաղաղության պատրաստելու գործում պետք է լինի, որովհետև Ադրբեջանի ժողովուրդը խաղաղասեր ժողովուրդ է: Որքանո՞վ այս ուղերձը կարող է հասնել Ադրբեջանի ժողովրդին: Ընդհանրապես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը շատ կարևոր հարց է բարձրացնում, որովհետև մենք իրականում գործ ունենք լրջագույն խնդրի հետ, որն իրականացնում են Ադրբեջանի իշխանություններն իրենց բնակչության միջավայրում: Դա ազգայնականության, նույնիսկ կասեի ֆաշիզմի հասնող ազգայնամոլության արտադրությունն է: Նրանք իրենց բոլոր զանգվածային միջոցները, որով կարելի է ազդել մարդկանց, հատկապես նոր սերնդի գիտակցության վրա, գործածում են ատելություն սերմանելու հայերի հանդեպ, ոչ միայն Հայաստանի, այլ նաև ազգությամբ հայերի հանդեպ: Դրա բազմաթիվ ապացույցներ կան: Դա տարածվում է ոչ միայն հայաստանցիների, այլև այլ երկրներում բնակվող հայերի վրա: Վերջին շրջանում Ռուսաստանից Ադրբեջան գնացող հայազգի ՌԴ քաղաքացիների հանդեպ տարբեր տեսակի ոտնձգությունները նույնիսկ ստիպեցին, որ Ռուսաստանը զգուշացնի իր ազգությամբ հայ քաղաքացիներին չգնալ Ադրբեջան: Այսինքն՝ Ադրբեջանում այն աստիճանի է ատելության քարոզը բարձր, որ հասնում է վտանգավորության աստիճանի: Հարց է առաջանում՝ արդյոք այդպես կարելի է ամեն ինչ թողնել, թե Հայաստանը կարող է ինչ-որ կերպ ազդել դրա վրա: Ադրբեջանի իշխանություններն այնքան կարճամիտ են, որ չեն հասկանում, որ սա ոչ միայն այսօրվա խնդիր է, ոչ միայն կարող է այս սերնդի ապագայի վրա ազդել, այլ ընդհանրապես կարող է շատ բացասական հետևանքներ ունենալ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու և ընդհանրապես տարածաշրջանի զարգացման տեսանկյունից: Դրա համար, քանի որ իրենք այդքան տկարամիտ են, պետք է այդ խնդիրը վերցնել մեզ վրա: Եվ վարչապետի այդ միտքը ողջունելի է: Հայաստանը կարող է գտնել ձևեր ազդելու Ադրբեջանի բնակչության վրա: Դրա համար կան տարբեր հնարավորություններ և Հայաստանից, և Հայաստանից դուրս միջոցներով մեղմելու ադրբեջանցի բնակչության մեջ այդ ատելության արտադրությունը սեփական իշխանության կողմից: Ուրիշ բան, որ պետք է մտածել այդ խնդրի իրականացման գործիքների մասին: Բայց այն, որ կա նման գաղափար, իհարկե շատ կարևոր է: Նման փորձ աշխարհում եղել է, երբ պատերազմող երկրները կարողացել են մեկը մյուսի բնակչության մեջ սերմանել թշնամանքի փոխարեն հանդուրժողականություն, ինչը դրական է ազդել ժողովուրդների հետագա հարաբերության վրա: Տեսակետ կա, որ մեզանում պատերազմն ավելի վստահելի է դարձել, քան խաղաղությունը: Համամի՞տ եք արդյոք: Մեր հասարակության հետ ի՞նչ անելիքներ կան այս ուղղությամբ: Ես կարծում եմ, որ այսօր մեր հասարակությունը շատ հավասարակշռված է այս հարցի շուրջ և շատ ավելի ռացիոնալ է մոտենում հարցին, քան ադրբեջանցիները: Այստեղ մի քանի պատճառ կա. ադրբեջանցիները որպես ազգ դեռևս կայացման խնդիր ունեն, իսկ մենք այդ խնդիրը վաղուց լուծել ենք և մենք չենք ընտրել Ադրբեջանին թիրախ մեր ինքնությունը կառուցելու համար, իսկ ադրբեջանցիները հայերի վրա փորձում են կառուցել սեփական ինքնությունը, որպես գործոն օգտագործելով նաև հայերի թշնամական կերպարի շուրջ իրենց կոնսոլիդացումը: Սա, իհարկե, ներկայիս ադրբեջանական էլիտայի հիմնախնդիրն է, որ իրենք ավելի կառուցողական ձևեր չեն գտնում ինքնության կառուցման համար: Իսկ մենք շատ ռացիոնալ ենք և պատերազմի, և խաղաղության հարցերի հանդեպ մեր վերաբերմունքում: Ես բավականին շփվել եմ ադրբեջանցիների հետ և հենց իրենց գնահատմամբ՝ Հայաստանում մարդիկ շատ ավելի հանգիստ և հանդուրժող են վերաբերվում ադրբեջանցիներին: Պատերազմի ագրեսիվ դիսկուրս մեզ մոտ, ըստ էության, չկա: Մեզ մոտ կա առաջին՝ սեփական հողը պաշտպանելու, երկրորդ՝ հայերի անվտանգությունը պաշտպանելու խնդիր: Ի դեպ, ինձ շատ դուր եկավ վարչապետի այն միտքը, որ արդեն մի քանի անգամ է կրկնում է՝ Հայաստանի մտահոգությունը Ղարաբաղում ապրող հայերի անվտանգությունն է, ինչը երբևէ չեն կարող երաշխավորել Ադրբեջանի իշխանությունները, և դրա միակ երաշխավորը կարող են լինել Հայաստանի և Արցախի  իշխանությունները: Եվ այս դիսկուրսը շատ կարևոր է և պատասխանն է այն հարցի, թե արդյոք մենք պատերազմի ձգտում ենք ագրեսիվ նպատակներով, թե՞ մենք պատերազմի պատրաստ ենք պաշտպանական նպատակներով: Սրանք երկու տարբեր խնդիրներ են: Իմ կարծիքով՝ Ադրբեջանն ունի ագրեսիվ նպատակներ, և իր վերջին նպատակը Ղարաբաղի հայության ոչնչացումն է: Իսկ մեր նպատակը պատերազմի դեպքում պաշտպանական է եղել: Եվ միայն եթե անհրաժեշտություն լինի, պաշտպանությունից դրդված՝ հարձակողական: Այսինքն՝  չկա ագրեսիա, կա պաշտպանություն սեփական հանրույթի՝ այլ հանրույթի հնարավոր ոտնձգությունից: Այնպես որ, կարծում եմ, Փաշինյանի այդ ելույթը շատ կարևոր ելույթ էր,  լրջագույն հարցեր են բարձրացվել, և սա վերջին քսան տարիների կտրվածքով ինչ-որ տեղ բեկումնային ելույթ էր: Մենք նման հստակ հարցադրումներով այսպիսի ելույթ վաղուց չէինք լսել պետության ղեկավարի կողմից: Վերջերս տեղի ունեցավ «ոչ մի թիզ հող» կարգախոսով ակցիա: Որքանո՞վ են սրանք նախկին իշխանությունների կամ երկրորդ նախագահի կողմից հրահրված ակցիաներ և ինչպես եք այն գնահատում: Ես շատ ցավում եմ, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր փորձում են մանիպուլացնել Արցախի խնդիրը սեփական շահադիտական նպատակներով և շատ ցավում եմ, որ դրա հետևում, ըստ տարածված խոսակցությունների, կանգնած է հենց ծագումով ղարաբաղցի քաղաքական գործիչ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Լավ կլինի, որ այդպես չլինի, բայց ըստ տարածված խոսակցությունների, այդ ամենը իրականացվում է նրա ֆինանսավորմամբ, աղբյուրները այդտեղ են տանում: Եթե դա այդպես է, ես շատ ցավում եմ, որովհետև դա անթույլատրելի է: Ամեն դեպքում փաստ է, որ Հայաստանում կան ուժեր, որոնք փորձում են Արցախի անվտանգության, նույնիսկ Հայաստանի անվտանգության հիմնախնդիրը ոտնատակ տալով լուծել իրենց անձնական խնդիրները: Այդ պատեհապաշտությանը տուրք տալը ազգային կարևորության խնդիրների հաշվին սարսափելի և խիստ դատապարտելի արարք է: Խնդիրն այն է, որ շատ լրատվամիջոցներ գտնվում են հենց նման ուժերի ֆինանսավորման տակ: Ցավալի է, որ այդ ֆինանսավորումը ստվերային է և առայժմ չի վերահսկվում: Բայց ես ուրախ կլինեի, եթե գործող իշխանությունները փորձեին պարզապես թափանցիկացնել մամուլի ֆինանսավորման գործընթացները: Այդ ժամանակ հասկանալի կդառնա, թե որ մամուլն է իրականում մամուլ, որն է խամաճիկային մամուլ՝ որը սնվում է ստվերային գումարներից և անում է սև գործ երկրի ներքին կյանքի անկայունացման, արտաքին հարաբերությունների հաշվին: Այսինքն լրատվամիջոցների թափանցիկության խնդիրը պետք է դրվի՞: Այո, դա շատ անհրաժեշտ գործ է, և դրա անհրաժեշտությունը գնալով ավելի ու ավելի է կարևորվում, որովհետև մամուլի ֆինանսավորման ստվերայնությունը տանում է պարզապես հասարակության պառակտման: Նման նպատակ իրենց առջև դրած ուժեր կան, դրանք նախկին իշխանություններն են: Դա կանխելու ձևը այդ մամուլի ստվերային ֆինանսավորումը բացահայտելն է: Դա ոչ թե մամուլի մասով ճնշումներ են: Ես կողմ եմ ազատ մամուլին: Բայց ժողովրդավարական համակարգում ամեն բան պետք է լինի թափանցիկ, հանրային, բաց և հաշվետու: Սա նաև իրավական պետության կարևոր դրույթներից մեկն է: Եթե մամուլը չի ենթարկվում օրինականության և իրավականության առանցքային դրույթներին, ապա դա մամուլ չէ, այլ օրենքից դուրս մի բան է: Երկրում օրենքից դուրս ոչ մի բան չպետք է հանդուրժելի լինի: Մենք հեղափոխական այս պրոցեսներն արեցինք, որ նման բաներից ազատվենք: Մենք պետք է դրան մեծ ուշադրություն դարձնենք: Նշվում է, որ վերջին շրջանում մամուլն աննախադեպ ազատ է և առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ ընդդիմության ձեռքի տակ այսքան մեդիա ռեսուրսներ կան: Կիսո՞ւմ եք այս տեսակետը և ինչպես եք գնահատում ստեղծված վիճակը: Ես սա չեմ համարում ազատ մամուլ: Իհարկե, իրենք ինչ ուզում խոսում են, բայց ազատ մամուլն այն չէ, որ ինչ ուզում, խոսում է: Ազատ մամուլն այն է, որն իր խնդիրն է համարում իրականության համարժեքորեն և օբյեկտիվորեն ներկայացումը հանրությանը: Սա շատ մանիպուլյատիվ մամուլ է դարձել, այսինքն իրենք սարսափելի մանիպուլյացիոն գործողություններ են անում: Կարող են վերցնել այս իշխանության ինչ-որ մի արարք, համեմատել նախորդ իշխանության հետ և փորձել հավասար նժարի վրա դնել: Նման համեմատությունները խիստ մանիպուլյատիվ են, որովհետև նախորդ իշխանությունները Հայաստանը տարել են սնանկացման, կործանման, բարոյալքման, աղետի եզրին են հասցրել երկիրը: Հիմա մենք այդ ամենից ազատվել ենք, ու ոմանք փորձում են այդ դառը անցյալը որպես բարի հուշ ներկայացնել: Ազատ մամուլի խնդիրն այստեղ շատ հստակ է դրված: Եթե մամուլն ազատ է, ապա պետք է հստակ ցույց տա իր ֆինանսավորման աղբյուրները: Եթե ֆինանսավորման աղբյուրները թաքցված են, հասկանալի չէ, թե որտեղից են այդ փողերը գալիս, նշանակում է՝ դա ոչ թե ազատ մամուլ է, այլ՝ խամաճիկային: Այսինքն այն գործում է կոնկրետ մարդկանց պատվերով, դրա համար ստանում է գումարներ և հիմա մանիպուլացնում է հասարակությանը: Այս պահին հասարակության հետ մանիպուլյացիոն գործողությունները շատ վտանգավոր են երկրի կայունության տեսանկյունից: Իրենք ապակայունացնում են երկիրը, և մամուլը հայտնվել է մի սարսափելի դերակատարության մեջ: Ինքն ստանձնել է  երկրի ներքին կյանքն ապակայունացնելու, ազգային անվտագությունը խոցելի դարձնելու, հասարակությանը պառակտելու գործընթացը: Իսկ դա թշնամական գործողություն է սեփական հասարակության, սեփական պետության հանդեպ: Այսօր մենք դարձել ենք մեր ազգային անվտանգությունը խարխլող, հանրության հանդեպ թշնամական գործունեություն իրականացնող, խամաճիկային մամուլի գերին ու պատանդը: Իսկ այդ ամենի հիմքում ընկած է այն, որ մամուլը ունի հնարավորություն ստվերային ֆինանսների ձեռք բերելու: Եթե այդ ֆինանսավորման աղբյուրները թափանցիկացվեն, այդ խնդիրը շատ առումներով կլուծվի: Ես այսօր ամենակարևոր խնդիրը համարում եմ մամուլի ֆինանսավորման թափանցիկացումը: Մենք պետք է իմանանք, թե բոլոր միջոցներն ինչպես են հոսում այս կամ այն լրատվամիջոց, որտեղից են դրանց աղբյուրները, որևէ անօրինական ֆինանսավորում չպետք է լինի:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
15-03-2019 11:54