ՍԴ դատավորի 3 թեկնածուների վերաբերյալ խորհրդակցական կարծիքները փոխանցվել են ՀՀ նախագահին

15-03-2019 00:34

Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների վերաբերյալ աշխատանքային խմբի անհատական խորհրդակցական կարծիքները փոխանցվել են հանրապետության նախագահին: Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու նպատակով Հանրապետության նախագահի՝  2019 թվականի հունվարի 31-ի ՆԿ-5-Ա կարգադրության համաձայն՝ ձեւավորվել էր հատուկ աշխատանքային խումբ: Վարչությունից պաշտոնապես հաստատեցին նաեւ, որ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու նպատակով Հանրապետության նախագահի աշխատակազմ դիմում է ներկայացրել 3 հավակնորդ՝ Վահե Գրիգորյանը, Գոռ Հովհաննիսյանը և Մարտին Մանուկյանը: Վերոնշյալ կարգադրության համաձայն ձևավորված աշխատանքային խմբի անդամների կողմից թեկնածուի հավակնորդներից Գոռ Հովհաննիսյանի հետ զրույցը տեղի է ունեցել մարտի 6-ին, իսկ մյուս երկու թեկնածուների՝ Վահե Գրիգորյանի և Մարտին Մանուկյանի հետ՝ մարտի 13-ին: Մեր հարցին, թե նախագահը երբ է ՍԴ դատավորի թեկնածությունը ներկայացնելու ԱԺ, պատասխանեցին, որ օրվա մասին կտեղեկացնեն ավելի ուշ. «Հավակնորդների հետ անձամբ հանդիպելուց հետո այդ հանդիպումների արդյունքներով նախագահը կկայացնի իր որոշումը և համապատասխան թեկնածուին կառաջադրի Ազգային ժողով, որի վերաբերյալ կհրապարակվի լրացուցիչ տեղեկատվություն»: Նշենք նաեւ, որ «ՍԴ մասին» օրենքի 166-րդ հոդվածը սահմանում է դատավորների ընտրության եւ նշանակման կարգը: Ըստ դրա՝ Սահմանադրական դատարանի դատավորներին ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով եւ տասներկու տարի ժամկետով: Սահմանադրական դատարանը կազմված է ինը դատավորից, որոնցից երեքն ընտրվում են Հանրապետության նախագահի, երեքը՝ Կառավարության, երեքը` դատավորների ընդհանուր ժողովի առաջարկությամբ:

Lragir.am,
15-03-2019 00:34