«Մենք՝ հայերս, կարողանում ենք ոչնչից արժեք ստեղծել, որը կարող է նպաստել մեր երկրի զարգացմանը»

Busticks Application հեռախոսային հավելվածի հիմնադիր Նելլի Դավթյանը հաղթող է ճանաչվել մարտի 18-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի ունեցած «Լավագույն ձեռնարկատեր» մրցանակաբաշխության ժամանակ: Ինչպես հարթեց ճանապարհը 2017 թվականին իմ փոքրիկ թիմով ստեղծեցի Busticks Application հեռախոսային հավելվածը, և երբ այն ներկայացրինք շուկայում, բավականին քիչ էին հնարավորությունները, որ այն առաջ կգնա, քանի որ ավելի շատ նպատակային էր ինքը միջազգային շուկայի համար: Ոչ միայն տուրիստներ Հայաստան ներգրավելու համար, այլև գլոբալիզացնեինք, որ նախագիծն իրեն արդարացներ: Իմ ծանոթներից մեկն ինձ խորհուրդ տվեց մասնակցել «Էրազմուս» երիտասարդ ձեռնարկատերերի համար ծրագրին: Ճիշտն ասած, զարմացած էի, որովհետև նմանատիպ ծրագրեր մեզ մոտ երբեք չէին եղել, հիմնականում ուսանողական են եղել: Ամեն դեպքում, որոշեցի դիմել: Երբ բիզնես պլանը ներկայացրեցի, այն հաստատեցին: ՓՄՁ ԶԱԿ-ը, որը զբաղվում էր այս հարցով, համաձայնեց գրանցել ինձ իր համակարգում, որտեղ արդեն սկսած ձեռնարկատերերը դիմում են տարբեր երկրների փորձառու ձեռնարկատերերին, ու եթե նրանք համաձայնեն ընդունել սկսնակին, ապա 3-6 ամսով գնում ենք նրանց մոտ փորձի փոխանակման: Այդպես դիմեցի մի քանի կազմակերպության, և Մալթայից ինձ հաստատեցին: Գնացի այնտեղ 3 ամիս մասնակցեցի ծրագրին, իրենց գրասենյակում աշխատում էինք և այնտեղ գտնվելով արդեն մեկ ամիս անց այդ ընկերության հետ պայմանագիր կնքեցինք, որի հիման վրա իմ ծրագրավորողների թիմը ծառայություններ է մատուցելու իրենց  կազմակերպությանը և իրենց կազմակերպության հաճախորդներին: Այդ ընթացքում այնտեղի տնօրեն Անժելն ինձ ծանոթացրեց մի մեծ խաղային կազմակերպության տնօրենի հետ: Դա խաղային կազմակերպություն է, ինչպես օրինակ «Վիվարոբեթ»-ը: Սկսեցինք նաև իրենց հետ աշխատել և մինչև հիմա էլ ծառայություններ ենք մատուցում: Ամենակարևորն այն է, որ Անժելն արդեն 20 տարի զբաղվում է կրթական էլեկտրոնային ծրագրերի մշակմամբ: Ինքն ինձ ներգրավեց այդ ծրագրերի մշակմանը, ինչի շնորհիվ վերադառնալով այստեղ, ստեղծել եմ ծրագիր մեր կրթական համակարգն ավելի ներառական դարձնելու համար: Այն էլեկտրոնային ուսուցման ծրագիր է, որը տիտրի ֆորմատով ցուցադրելու է հանրակրթական դպրոցի բոլոր դասերը՝ 1-5 դասարանների համար: Ես այդ ծրագիրը ներկայացրել եմ ԿԳ նախարարություն, ու հիմա իրենց փորձաքննության տակ է: Հայաստանում սկսնակ ձեռնարկատերերին նոր են սկսել ուշադրություն դարձնել Հայաստանում հիմա նոր սկսել են ուշադրություն դարձնել երիտասարդ ձեռնարկատերերին: Կան բազմաթիվ ծրագրեր, օրինակ «Ներուժը», որը կազմակերպված էր սփյուռքահայ երիտասարդների համար, բայց կարող էին նաև հայաստանցի ձեռնարկատերեր մասնակցել, ես էլ եմ եղել մասնակից: Հիմա նաև Fast foundation-ն է զբաղվում երիտասարդ ձեռնարկատերերով: Հենց հիմա ընթացքում է երիտասարդ կին ձեռնարկատերերի համար աքսելերացիոն ծրագիրը, որի շրջանակներում կին երիտասարդ ձեռնարկատերերը դիմում են, մասնակցում են ծրագրին, կարող են ներկայացնել բիզնես ծրագիր և նույնիսկ ստանալ ֆինանսավորում իրենց գաղափարները կյանքի կոչելու համար: Կարող եմ ասել, որ երիտասարդ ձեռնարկատերերի համար հիմա նոր-նոր հիմքեր են ստեղծվում Հայաստանում: Մինչ այդ հնարավորությունները շատ քիչ են եղել: Հիմնական ուշադրությունը եթե դարձվել է, ՏՏ ոլորտին է դարձվել, սակայն բազմաթիվ այլ ոլորտներ կան, որ արժանի են ուշադրության: Հիմա ստեղծվում է այդ հիմքը, ես ինքս հիմա հանդիսանում եմ բազմաթիվ ասոցիացիաների անդամ, որոնք զբաղվում են երիտասարդ ձեռնարկատերերի կրթությամբ, իրենց օժանդակելով, որ կարողանան ավելի ճիշտ, ավելի իրատեսական բիզնես պլաններ կազմեն ու ավելի իրագործելի դարձնեն իրենց մտքերը: Այդպիսի մի հնարավորությունն էլ «Էրասմուս երիտասարդ ձեռնարկատերերի համար» ծրագիրն է, որը գործելու է մինչև 2020 թվականը: Ցանկացած երիտասարդ ձեռնարկություն, որը մինչև երեք տարեկան է, սակայն արդեն գրանցված է որպես իրավաբանական անձ, կարող է դիմել, մասնակցել ծրագրին, 3-6 ամիս մեկնել ցանկացած երկիր, որտեղ իր բիզնեսին խթանող կազմակերպություն և փորձառու ձեռնարկատեր կարող է հանդիպել և զարգացնել իրենց բիզնեսը: Մենք այս ծրագրի շրջանակներում ունենք երիտասարդներ, որոնք մասնակցելով ծրագրին, հետո եկել ու այստեղ իտալական կազմակերպության մասնաճյուղեր են բացել՝ և տուրիստական, և ծրագրավորման: Հայաստանը հիմա շատ ավելի մեծ հնարավորություններ ունի, քան երբևէ Այժմ հայաստանյան երիտասարդների մեջ այնքան հետաքրքիր մտքեր են ծագում, այնքան հետաքրքիր տեխնոլոգիական լուծումներ են գտնվում շատ խնդիրների, որ միանշանակ դա ամենառաջնահերթ զարգացման ճանապարհներից է: Մենք՝ հայերս կարողանում ենք ոչնչից ինչ-որ արժեք ստեղծել, որը կարող է նպաստել և օգտակար լինել մեր երկրի զարգացմանը: Դա միշտ այդպես է եղել, և այդպես էլ կմնա: Իմ կոլեգաներից շատերն ասում են՝ ինչքան հայի հանդիպել ենք, դուք քարից հաց եք սարքում: Տնտեսական հեղափոխություն նաև այս ճանապարհով կլինի Սա ճանապարհներից մեկն է, ինչպես նաև ասենք, պետական արտադրության զարգացումը կամ մասնավորի և պետական սեկտորի համատեղ արտադրության ստեղծումը: Դա երկիրը զարգացնելու առաջնահերթ տարբերակն է: Այդ թվում կարևոր է, որ պետական սեկտորը նպաստի մասնավոր բիզնեսների զարգացմանը, հատկապես նորարարական ու երիտասարդ ձետռնարկատերերի կողմից ստեղծված գաղափարների հիման վրա: #Busticks հավելվածը հնարավորություն է տալիս լիարժեք պատկերացում կազմել տարբեր երկրների տեսարժան վայրերի մասին և այցելել դրանք՝ խնայելով ժամանակն ու գումարը: Հավելվածի միջոցով ներկայացված են լավագուն տուրիստական գործակալությունների պատմական, մշակութային, սպորտային/էքստրեմալ, էկո և համտեսների փաթեթները, որոնք շուտով կհամալրվեն նաև կրթական և առողջությանն ուղղված զբոսաշրջային փաթեթներով: Յուրաքանչյուր ճամփորդ կարող է իրեն ապահով զգալ, քանի որ հավելվածը տրամադրում է ապահովագրություն: Վերջերս մասնակցելով Creative Armenia Բիզնես առաջնությանը՝ Busticks թիմը ներկայացրել է լավագույն բիզնես մոդելը և մրցանակային տեղ զբաղեցրել:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
25-03-2019 19:58