Ծառուկյանը դժգոհ է Փաշինյանի թիմից. «Մարդիկ էլի արտագաղթում են»

08-04-2019 13:30

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ Նիկոլ Փաշինյանի թիմից դժգոհ է: Նա ներկայացրեց խնդիրները, որոնք իր կարծիքով կան երկրում: Ծառուկյանն ասաց, որ ազատ ու արդար ընտրություններն ապահովված են, բայց ժողովուրդը սպասում է հեղափոխության ժամանակ տրված խոստումների կատարմանը: «Այսօր դա պետք է իրականանա, ժողովուրդն սպասում է հեղափոխությունից հետո ավելի լավ ապրելու, կյանքը փոխվելու, բարեկեցիկ աապրելու: Ես հայտարարեցի, որ հեղափոխությունից հետո անհրաժեշտ է տնտեսական հեղափոխություն, որը ժողովրդի ժպիտն ու փայլը, որ դա պահվի, պահպանվի: Ժողովուրդը պետք է կարողանա լիարժեք իր պարտքերը փակի, իր երեխայի խնդիրները կարգավորի, վարկերը փակի, որ դուրս չմնա, դառնա տնտեսական հեղափոխություն: Տնտեսական հեղափոխության համար ես մեր ծրագիրը ներկայացրել եմ: Առանց այդ իմ ծրագրի ինչ որ ես ասել էի, առանց դրա կատարման, հնարավոր չէ տնտեսական հեղափոխություն լինի»,- ասաց նա: Ծառուկյանն ասաց, որ պետք է հնարավորություններ ստեղծել, որ արտագաղթած անձինք հետ վերադառնան: «Ոչ միայն ասել՝ հետ վերադարձեք: Վերադառնան որտեղ են ապրելու, պետք է ներդրումներ լինեն, պետությունն էլ ներդրում անի: Տարեկան պետք է գումար դրվի, վարկ ու պարտք ավելացվի, բայց գումար դրվի բոլոր ոլորտներում, որ կարողանա տնտեսական աճ լինի, զարգացում լինի: Պետք է նախապատրաստեն համապատասխան բնակարաններ, որ գալացողը մնալու տեղ ունենա, չմնա փողոցում: Պետք է մի քիչ արագ տեմպերով, որովհետև ժողովուրդը նորից հիմա գնում է»,- հավելեց Ծառուկյանը: Նա նշեց, որ առաջին հերթին պետք է փոքր ու միջին բիզնեսի հարկերը նվազեն: Նրանք պետության հիմնական ողնաշարն են: “Մարդը պետք է իրեն դնի գործարարի տեղը՝ էդ պայմաններով հնարավո՞ր Է ապրի: Մենք այսօր ունենք 650 հազար ընտանիք և 1.5 մլն վարկառու: Ամեն ընտանիքից երկուս, երկուսուկես վարկի տակ են, մտածում են ոնց անեն վարկը փակեն, որ հանկարծ վաղը դուրսը չմնան: Մարդը չի կարա նոր գործունեության մասին մտածի: Դրա համար պետք է առողջացման ծրագիր անել, պետական պարտքը հիմա 7 մլրդ ա, թող դառնա 7.5 մլրդ, բայց կանոնակարգենք, նայենք մեր ժողովրդի միջին խավին: Մարդկանց վարկերի ներում շնորհեն, առողջացման ծրագիր լինի, որոշը պետք է դնեն բանկի վրա, եթե 20-30 տոկոսով մարդուն վարկ ա տվել, ուրեմն համապատասխան կեսը պետությունը թող վերցնի իր վրա, կեսն էլ բանկերը վերցնեն: Առողջացման ծրագիր չըլնի, ժողովուրդը չի կարա գլուխ բարձրացնի, որ շահույթով աշխատի: Էսօր որոշում են ընդունել, որ փոքր ու միջին բիզնեսը 24 մլն շրջանառությունը չի հարկվում: Շատ լավ ա, բայց այդ 24 միլիոնը գործարարը պետք ա օրական անի 60 հազար դրամի առևտուր, այդ 60 հազար դրամի շահույթը պետք է լինի 5000-6000 դրամ, դա ամսական կազմում է ասենք թե 150 հազար դրամ, որ կարողանա իր գլուխը պահի, դա մենակ իրա գոյատևելու համար է: Այն էլ այդ օրենքն օգտագործելով՝ իրավունք չունի Երևանում գործելու, իրավունք չունի այլ քաղաքներում գործելու, տոնավաճառներում գործելու: Լիարժեք այդտեղից կարող է օգտվել մի 1000 հոգի: Այսինքն՝ դա էլ չի օգնում”,- նշեց նա: Գագիկ Ծառուկյանը հավելեց, որ ոչ թե վարչապետ Նիկոլ Փաշինյանից է դժգոհ, այլ Փաշինյանի թիմից; Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանն ուզում է անի, բայց տարբեր ոլորտներում մատից փուշ հանող է պետք: Մի մարդը, ըստ Ծառուկյանի, չի կարող բոլոր հարցերով զբաղվել, բոլոր ոլորտներում պետք է աշխատեն փորձառու մարդիկ:

Lragir.am,
08-04-2019 13:30