Տասնամյակների ընդմիջումից հետո Հայաստանում հնչեց Մալերի 9-րդ սիմֆոնիան

08-04-2019 23:42

Մի քանի տասնամյակ ընդմիջումից հետո Հայաստանում կատարվեց ավստրիացի մեծ կոմպոզիտոր Գուստավ Մալերի 9-րդ սիմֆոնիան: Այդ բացառիկ հնարավորությունը երաժշտասերների համար ընձեռել էր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ. Մալերի վերջին՝ 9-րդ սիմֆոնիան ստեղծումից 110 տարի անց թևածեց «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Լեփ-լեցուն համերգասրահը վկայությունն էր այն բանի, որ սիմֆոնիան սպասված էր, և ավելի քան 80 րոպե հանդիսատեսը ընկղմվել ու վայելում էր մալերյան երաժշտությունն ու փիլիսոփայությունը: Մեծակտավ իններորդ սիմֆոնիան դարձավ Գուստավ Մալերի հրաժեշտի ստեղծագործությունը: Սիմֆոնիայի չորս մասերից յուրաքանչյուրը հրաժեշտի առանձին խոսք է կյանքին, սիրո գեղեցիկ պահերին, առողջությանը, ամենահասարակ ուրախություններին, նաև՝ դժվարություններին ու դժբախտություններին: Իսկ ողբերգական իրադարձությունները կոմպոզիտորի կյանքի վերջին տարիներին քիչ չէին՝ հնգամյա դստեր մահը, իր անբուժելի հիվանդության մասին լուրը, ընտանիքի ապագայի վերաբերյալ մտորումները: Այս ամենը դրոշմված են հեղինակի 9-րդ սիմֆոնիայում: Այս հզոր երաժշտության մեջ միաժամանակ արտահայտված են ամենահակասական զգացումները: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նկատում է, որ Մալերն այն կոմպոզիտորն է, որ ստեղծել է սիմֆոնիկ նվագախմբի նոր հնչողություն: «Շատ լավ իմանալով նվագախումբը, փայլուն աշխատանք տանելով նվագախմբի հետ՝ Մալերն իր արվեստով փոխել է թե՜ դիրիժորի մտածելակերպը, թե՜ դիրիժորի դերը ստեղծագործությունը կատարելիս (այն դերը, որ ունի դիրիժորը Մալերի սիմֆոնիաներում, ուրիշ այլ հեղինակի մոտ չեք կարող հանդիպել): 9-րդ սիմֆոնիայի մասին Բերնստայնը և այլ դիրիժորներ ասել են, որ ամեն անգամ բացելով Մալերի 9-րդ սիմֆոնիայի պարտիտուրը՝ այն տպավորությունն է, թե նախկինում երբեք չեն բացել այն և երբեք չեն կատարել: Այսինքն՝ այնպիսի բարդ սիմֆոնիզմ է պարզ մոդուլների մեջ ներկայացված, որ ամեն անգամ անդրադառնալիս զգում ես այս ստեղծագործության նոր երանգները»,- ասում է Սերգեյ Սմբատյանը՝ ավելացնելով, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը շարունակելու է անդրադառնալ Մալերի արվեստին՝ մալերյան նորանոր ստեղծագործություններ ներկայացնելով երաժշտասերներին: Տեղեկացնենք, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն արդեն իսկ կատարել էր Մալերի 1-ին, 5-րդ, 6-րդ սիմֆոնիաները:

Lragir.am,
08-04-2019 23:42