ԲՀԿ-ն առաջարկում է 18 տարեկան զինծառայողներին չտանել մարտական հերթապահության

09-04-2019 15:10

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է Բարգավաճ Հայաստան խմբակցության նախագիծը, որով առաջարկվում է 18 տարեկան զինծառայողներին չտանել մարտական հերթապահության: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն ասաց, որ իրականում դա հնարավոր է իրականացնել, հատկապես որ արդեն երկու տարի է, որ գործարկվել են տարբեր պետական ծրագրեր, որոնք ծառայության մեջ ներգրավում են ավելի մեծ պատրաստվածություն ունեցող անձանց: Այսինքն՝ համապատասխան ռեսուրս կա, որպեսզի փորձառուները լինեն առաջնագծում: Ըստ Էնֆիաջյանի՝ երբ անփորձներն են առաջնագծում, դա մեծացնում է դժբախտ դեպքերի թիվը: Տարիքով փոքրերի շրջանում ավելի մեծ են բանակում մահացության ու դժբախտ դեպքերը: Ըստ նրա՝ մտահոգիչ են նաև բանակում ինքնասպանության դեպքերը: «Մենք այս նախաձեռնությամբ կարողանալու ենք մարտական հերթապահությունում փոփոխություն կատարել: Եվ այդ փոոփոխությունների արդյունքում մենք կարողանալու ենք մարդկային կյանքեր փրկել: Խոոսքը վերաբերում է հետևյալին, որ մարտական հերթապահոություն իրականացնեն ոչ թե 18 տարեկան երիտասարդները, այլ նվազագույնը մեկ տարվա ծառայություն անցնելու, փորձառություններ ու հմտություններ ձեռք բերելուց հետո նոր նրանք հնարավորություն ունենան մարտական հերթապահություն անցնելու: Մենք գտնում ենք, որ 18 տարեկանները չափազանց փոքր տարիք են, որպեսզի մարտական հերթապահություն իրականացնեն: Եվ այս հարցին պետք է ավելի պրոֆեսիոնալ մոտեցում ունենալ»,- նշեց նա: Էնֆիաջյանը ներկայացրեց նաեւ Իսրայելի փորձը, ըստ որի՝ զինծայողը մեկ տարի ծառայություն է անցնում, որից հետո միայն անցնում է մարտական հերթապահության:

Lragir.am,
09-04-2019 15:10