Կառավարությունը չի ընդունում ԲՀԿ առաջարկը. ՊՆ

09-04-2019 16:00

Կառավարությունը չի ընդունում ԱԺ ԲՀԿ խմբակցության առաջարկը՝ Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին: Ըստ դրա, հիշեցնենք, ԲՀԿ-ն առաջարկում է, որպեսզի մարտական հերթապահության մեկնեն արդեն մեկ տարի ծառայած զինծառայողները, քանի որ 18 տարեկան նորակոչիկները անփորձ են: Կառավարությունը գտնում է, որ այս պահին այդ օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը չկա, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում ասաց Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը: Նա նշեց, որ օրենսդրական նախաձեռնության հիմնավորումներում որևէ վերլուծություն չկա, թե ինչից է ծագել ընդհանրապես այդ խնդիրը: «Ես ուզում եմ պարզապես փարատել կասկածները, եթե զինծառայողը ուսումնական գումարտակում, ուսումնական զորամասում պատրաստվածություն անցնելուց հետո քննությունը բավարար չափով չի հանձնում, նա այդ հերթապահության մեջ չի ընդգրկվում»,- ասաց Բալայանը: Նա նշեց, որ կառավարությունը հիմա քննարկում է ուսումնական փուլից հետո մարտական ծառայության մեջ ընդգրկված զինծառայողների պարտադիր զինվորական ծառայությունն ավելի նվազ սահմանելու նպատակահարմարությունը: Ըստ այդմ՝ մարտական հերթապահության մեջ չընդգրկված անձնակազմի պարտադիր զինվորական ծառայության ժամկետն էլ ավելի երկար կսահմանվի: Գաբրիել Բալայանը նաև վիճակագրական տվյալներ ներկայացրեց, որից, ըստ նրա, պարզ երևում է, որ արդեն իսկ մեկ տարի ծառայություն անցած զինվորական անձնակազմի շրջանում շատ ավելի են այն դեպքերը, որոնք ցանկալի չեն բանակում: Մասնավորապես, խոսքը մահվան ելքով դեպքերի մասին է, այդ թվում՝ մարտական հերթապահություն իրականացնողների կողմից: Եվ շատ ավելի նվազ են մինչև մեկ տարի ծառայության ընթացքում արձանագրված դեպքերը: «Մեջբերեմ 2014-2019 թվականների մարտի մեկի դրությամբ վիճակագրական տվյալները: Մենք ունեցել ենք մինչև մեկ տարի ծառայող 27 զոհ ժամկետային զինծառայողների շրջանում:  Եվ մեկ տարուց հետո ունեցել ենք 142 զոհ, որից 32-ը ապրիլյան պատերազմի ժամանակ», ասաց նա:

Lragir.am,
09-04-2019 16:00