Ավտոմաքսատան պետը ազատվելու դիմում է գրել, Դավիթ Անանյանը չի գրի

11-04-2019 00:38

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը կառավարության այսօրվա նիստից հետո անդրադարձավ Նորագավիթի մաքսատան միջադեպին և մաքսատան աշխատակցի՝ աշխատանքից ազատման դիմում գրելու դեպքին: Նա ասաց, որ Նորագավիթի ավտոմաքսատան պետը ևս աշխատանքից ազատման դիմում է գրել: Հիշեցնենք, որ մաքսատան աշխատակցին դիմում գրելու հանձնարարություն տվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը այն բանից հետո, երբ մաքսատուն կատարած այցի ժամանակ արձանագրել էր, որ տարածքը աղբի մեջ է, իսկ եռագույն դրոշը՝ սենյակի մի անկյունում դրված: «Դուք կենտրոնացել եք մի փոքր էպիզոդի վրա, այն էպիզոդի վրա, որը ձեր կարծիքով առերևույթ ինչ-որ սենսացիա է պարունակում: Մարդկային ճակատագրի հարց չկա այստեղ: Այն, ինչ վարչապետը տեսավ ու իր դուրը չեկավ և վարչապետը որոշակի մտքեր արտահայտեց և կոչ կամ հորդորներ արեց, կոչին ու հորդորներին մեր աշխատակիցը պատասխանել է իր դիմում գրելով: Եվ ոչ միայն տվյալ աշխատակիցը, այլ նաև ավտոմաքսատան պետը ազատման դիմում է գրել»,- ասաց Անանյանը: Հարցին, թե ինչու վերադասները պատասխանատվության չեն ենթարկվում, ո՞վ է պատասխանատու մաքսատան այդ վիճակի համար, Դավիթ Անանյանը պատասխանեց. «Պատասխանատուն ես եմ, ամենամեծ պատասխանատուն եմ: Պետական եկամուտների կոմիտեի նախագահն է պատասխանատվություն կրում այդ ամբողջ իրավիճակի համար: Եթե ուզում եք կամ ակնկալում եք, որ ես դիմում գրեմ ու հեռանամ, դա իմ համար կլինի փախուստ այն խոշոր և ահռելի պարտականություններից, որ վերցրել եմ իմ վրա: Հետևաբար, եկեք պայմանավորվենք՝ ես դիմում չեմ գրելու, ես վարչապետի կոչ-հորդորին չեմ արձագանքելու իմ դիմումով: Մնացած բոլոր աշխատակիցներին ոչ ոք ոչ մի բան չի ասել: Մենք իրավունք չունենք՝ ոչ ես, ոչ պարոն վարչապետը իրավունք չունենք մարդուն ազատենք կամ չազատենք»:

Lragir.am,
11-04-2019 00:38