Ինչ արժե ՀԴՄ սարքը. ՊԵԿ նախագահի պարզաբանումը

11-04-2019 13:44

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ լրագրողական բացահայտմանը, ըստ որի՝ ՊԵԿ-ը ինքնարժեքից 70 տոկոսով ավելի գնով է վաճառել ՀԴՄ սարքերը: Հարցին, թե ինչո՞ւ է ՊԵԿ-ը հրաժարվում մամուլին տրամադրել այդ սարքերի գնման գինը, նա ասել է. “Ես ձեզ ասում եմ հետևյալը՝ միջին ինքնարժեքը, մենք ժամանակին, տարիներ առաջ ձեռք ենք բերել երկու կամզակերպություններից: Ձեռք բերման գործընթացը գաղտնիք է, որովհետև գաղտնի որոշումներում է եղել: Կա այդպիսի տեղեկատվության մի ծավալ, որը հրապարակել չենք կարող: Բայց մենք ասել ենք, որ դրա միջին ինքնարժեքը կազմել է 158 հազար դրամ: Հիմա թե որտեղից են վերցրել, որ 70 տոկոսով ցածր է ինքնարժեքից, չգիտեմ”,- ասաց Անանյանը: Հարցին, թե ինքը հերքո՞ւմ է տեղեկությունը, որ ինքնարժեքից 70 տոկոսով թանկ են վաճառվել ՀԴՄ-ները, ՊԵԿ նախագահը պատասխանեց. “Ես հերքում եմ, որ մենք նման տեղեկատվություն ենք տվել: Ինչը հերքեմ ես, այդպիսի քննություն չեմ կատարել, որ հերքեմ կամ չհերքեմ: Ես չունեմ տեղեկություն, որ այդպիսի առերևույթ հանցագործություն է տեղի ունեցել, որպեսզի քննության առարկա դարձնեմ”: Հարցին, թե հանձնարարելո՞ւ է արդյոք ուսումնասիրել այս հարցը, նա պատասխանեց՝ չկա նման տեղեկատվություն, դա լրատվության կողմից տարածված տեղեկատվություն է:

Lragir.am,
11-04-2019 13:44