Բաբկեն Տեր Գրիգորյանը դիմավորել է Լոս Անջելեսի հայկական դպրոցի աշակերտներին

15-04-2019 10:30

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի առաջին տեղակալ, սփյուռքի նախարարի պաշտոնակատար Բաբկեն Տեր-Գրիգորյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Լոս Անջելեսի «Վահան և Անուշ Շամլյան» դպրոցի աշակերտներին: Ինչպես հայտնեցին ՀՀ սփյուռքի նախարարությունից, Լոս Անջելեսի «Վահան և Անուշ Շամլյան» դպրոցի տնօրինությունը 20 տարի առաջ առաջին անգամ որոշել էր դպրոցի աշակերտներին բերել Հայաստան:  Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Բաբկեն Տեր Գրիգորյանն այն ժամանակ առաջիններից է եղել, որ դպրոցի կազմում եկել է հայրենիք, այցից հետո էլ սկսել մտածել հայրենադարձվելու  մասին: Լոս Անջելեսի «Վահան և Անուշ Շամլյան» դպրոցի աշակերտները 12 օրվա ընթացքում կշրջեն Հայաստանում ու կծանոթանան հայկական մշակույթին: Ողջունելով դպրոցի ուսուցիչներին և սաներին՝ սփյուռքի նախարարի պաշտոնակատարը  շատ կարևոր է համարել նման այցելությունները, որոնք թույլ են տալիս Հայաստանը բացահայտել տարբեր կողմերից: Ըստ նրա՝ նման նախաձեռնությունները հատկապես էական են փուլային հայրենադարձության համատեքստում, երբ դեռ վաղ հասակից երեխաները սկսում են մտածել հայրենիքի, նրա հնարավորություններին և հեռանկարների մասին: «Վստահ եմ` մի քանի տարի անց հենց այս պայծառ երիտասարդների մի մասը կհայտնվի Հայաստանի կառավարությունում»,-նշել է Բաբկեն Տեր Գրիգորյանը: Նա բարձր է գնահատել նաև 1975  թվականից գործող կրթական հաստատության ներդրումը հայապահպանության, հայեցի դաստիարակության, Հայաստան-սփյուռք կապերն ամրապնդելու գործում:

Lragir.am,
15-04-2019 10:30