Նշանակվել է ծառայողական քննություն. ոստիկանության պարզաբանումը բերման ենթարկված անձի մահվան վերաբերյալ

15-04-2019 11:14

Ոստիկանությունը պարզաբանում է տարածել, որում նշված է. «Սոցցանցում տեղեկատվություն է տարածվել, թե իբր ոստիկանության Նոր Նորքի բաժնում դաժան ծեծի է ենթարկվել Երևանի բնակիչ Էդգար Ծատինյանը, ապա կուլ է տվել թմրանյութով տոպրակը, որն իբր ոստիկանները փորձել են «գրպանը գցել», այնուհետև տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, այնտեղից՝ «Արմենիա» բ/կ, որտեղ ապրիլի 8-ին մահացել է: Ըստ նախնական բժշկական եզրակացության՝ մահվան պատճառն է սուր սիրտ-անոթային և շնչառական անբավարարությունը, սուր թունավորում ամֆետամինով, տոքսիկ կոմա: Նախնական տվյալների համաձայն՝ մի քրեական գործի շրջանակում, սպանության կասկածանքով, Երևան քաղաքի Գյուլիքեխվյան փողոցից ապրիլի 7-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին է բերման ենթարկվել նախկինում բազմաթիվ անգամներ դատապարտված Էդգար Ծատինյանը, որի ինքնազգացողությունը բաժնում կտրուկ վատացել է, ինչի պատճառով շտապօգնության կանչ է ձևակերպվել, ու վերջինս տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ, որտեղ հայտնել է, թե չի հիշում՝ ինչ է կուլ տվել: Էդգար Ծատինյանը այնուհետև տեղափոխվել է «Արմենիա» բ/կ, որտեղ էլ ապրիլի 8-ի առավոտյան մահացել է: Ապրիլի 14-ին ոստիկանություն հաղորդում է տվել Էդգար Ծատինյանի հարազատը՝ հայտնելով, թե ոստիկանները նրան ծեծելով սպանել են, իսկ բժիշկներն օգնություն ցույց չեն տվել: Հետաքննության մարմնին հանձնարարվել է ստուգել նաև ոստիկանության ծառայողների նկատմամբ՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացրած անձի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված արարքի, այն է՝ սուտ մատնության հատկանիշների առկայությունը: Միաժամանակ, ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն՝ հաղորդման մեջ նշված հանգամանքների ներգերատեսչական ստուգում իրականացնելու համար»:

Lragir.am,
15-04-2019 11:14