Խնկո-Ապոր անվան գրադարանում մեկնարկեց Ազգային գրադարանային շաբաթը

15-04-2019 11:51

Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակում բազմաթիվ և բազմաբնույթ միջոցառումներ կանցկացվեն Հայաստանի բոլոր գրադարաններում: Շաբաթը մեկնարկեց ապրիլի 15-ին Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրադարանային շաբաթն այս տարի նվիրված է մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի և երգահան-կոմպոզիտոր Կոմիտասի 150-ամյակներին: «Արդեն երկրորդ ամիսն է` մեր գրադարանում Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյա հոբելյաններին նվիրված միջոցառումներ են անցկացվում: Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակում տեղի կունենան տարբեր տարիքի երեխաների համար նախատեսված վիկտորինաներ, Կոմիտասի երգերի կոլեկտիվ ունկնդրումներ, հեքիաթապատումների, պատմվածքների բարձրաձայն ընթերցանությունների շարք»,- մեզ հետ զրույցում նշեց Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի փոխտնօրեն Ռուզաննա Թելունցը: Նրա խոսքով`գրադարանում գործում է հեքիաթի սրահ, որտեղ յուրաքանչյուր օր երեքից չորս հեքիաթ են պատմում դպրոցական խմբերի համար: «Այս ամբողջ շաբաթվա  ընթացքում պատմելու ենք Հովհաննես Թումանյանի հեքիաթները: Նույն սրահում Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա տիկնիկային ներկայացումներ  կցուցադրվեն»,-ասաց փոխտնօրենը: Թելունցը շեշտեց, որ շաբաթվա շրջանակում նախատեսվում են ժամանակակից գրողների ստեղծագործությունների  քննարկումներ տարբեր տարիքային խմբերի համար: Գրողները ներկա կլինեն քննարկումներին, և երեխաները նրանց հարցեր ուղղելու հնարավորություն կունենան: «Ֆրանսերեն ուսումնասիրող երեխաները կիրականացնեն միջոցառում` ֆրանսիական մանկական պոեզիա ընթերցելով, կլինեն գրքերի ցուցահանդեսներ»,-ընդգծեց նա ու հավելեց, որ միջոցառումներ կանցկացվեն ոչ միայն Խնկո-Ապոր անվ. գրադարանում, այլև Հայաստանի բոլոր գրադարաններում: Տեղի կունենան այցելություններ հանրապետության այլ գրադարաններ՝ գրադարանների աշխատակիցների փորձի ու գիտելիքների փոխանակման, նոր հմտություններ ձեռք բերելու և դրանք ամենօրյա աշխատանքում կիրառելու նպատակով: Ազգային գրադարանային շաբաթը կազմակերպել է Հայկական գրադարանային ասոցիացիան:

Lragir.am,
15-04-2019 11:51