Մեկ տարվա ընթացքում որևէ կոռուպցիոներ չի ենթարկվել քրեական պատասխանատվության

Մեր զրուցակիցն է փաստաբան Նորայր Նորիկյանը Պարոն Նորիկյան, ԵԽԽՎ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Հայաստանում դատական իշխանությանը՝ նշելով, որ այդ համակարգում հեղափոխություն տեղի չի ունեցել: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ դա տեղի չի ունեցել և ի՞նչ է պետք այդ հեղափոխությունը դատական իշխանությունում արձանագրելու համար: Ձեզ հետ բազմիցս անդրադարձել ենք, որ Հայաստանի դատական համակարգում ոչ միայն բեկում տեղի չի ունեցել, այլ գործ ունենք մի երևույթի հետ, որը խաթարում է Հայաստանի բնականոն զարգացումը, արգելակում է այն արժեքների իրագործումը, որոնց հիման վրա ՀՀ-ում իրականացվել են արմատական փոփոխություններ, ըստ էության, հեղափոխություն: Այդուհանդերձ, արձանագրենք, որ այսօր ամբողջ իրավական համակարգը ենթակա է փոփոխության՝ վերից վար: Դատական համակարգում ամենից առաջ պետք է իրականացվեն լրջագույն կադրային փոփոխություններ, որը պայմանավորված կլինի նաև այդ նոր կադրերի արժեհամակարգի արմատական փոփոխությամբ: Պետք է գան մարդիկ, որոնք ունակ կլինեն իրականացնելու այնպիսի արդարադատություն, որը համահունչ է Հայաստանի չափանիշներին: Բայց միայն կադրային խնդրով էլ հնարավոր չէ լուծել խնդիրը: Ամենից առաջ անհրաժեշտ է Հայաստանում արմատավորել հակակոռուպցիոն մթնոլորտ, ձևավորել հակակոռուպցիոն միջավայր, ստեղծել այնպիսի բարենպաստ պայմաններ, որ մարդու մտքով չանցնի, որ կարելի է անօրինական ճանապարհով որևէ գործունեություն ծավալել, առավել ևս արդարադատություն: Հետևաբար, պետք է լուրջ հակակոռուպցիոն կրթություն իրականացնել, որպեսզի կարողանանք տարիներ հետո կամ որոշակի ժամանակ հետո հասնել մի սանդղակի, որը հնարավորություն կտա նորմալ արդարադատություն իրականացնել՝ սկսած ողջ դատական համակարգից,  դատավորների կենցաղային խնդիրների լուծումից մինչև հակակոռուպցիան միջավայրի ձևավորում: Ձեր կարծիքով՝ կոռուպցիայի դեմ պայքարը որքանո՞վ է հաջողվել և ամբողջական առումով ե՞րբ կունենանք ձեր նշած հակակոռուպցիոն միջավայրը: Եթե Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ-ի բարձր ամբիոնից է դրա մասին հայտարարում, ես ոչ միայն համաձայն եմ իր հետ, այլև իսկապես արձանագրում եմ, որ մեկ տարվա ընթացքում որևէ մի կոռուպցիոներ չի ենթարկվել քրեական պատասխանատվության: Մենք չունենք օրինական ուժի մեջ մտած որևէ դատական ակտ, որով նախկին որևէ կոռուպցիոներ դատապարտված կլիներ կոռուպցիոն հանցագործությունների համար: Ավելին, գնալով այնպիսի տրամադրվածություն է ձևավորվում հանրության մոտ, որ սկսում են հարցեր առաջանալ, թե արդյոք հայտնի կոռուպցիոներներից որևէ մեկը իսկապես կենթարկվի քրեական պատասխանատվության, և պետությունից ու հասարակությունից թալանված միջոցները հետ կվերադառնան: Մենք այս ոլորտում իսկապես ունենք լուրջ, արմատական աշխատանք, որպեսզի հնարավոր լինի արդյունք գրանցել: ԵԽԽՎ ամբիոնից նաև Ռոբերտ Քոչարյանի կալանքի հետ կապված հարցեր հնչեցին: Այս հարցում որքանո՞վ են ուժեղ Հայաստանի դիրքերը: Անգամ եթե Հայաստանի իրավապահ մարմինները փնթի են աշխատել Ռոբերտ Քոչարյանի կամ Մարտի 1-ի գործով, դա դեռ չի արդարացնում Ռոբերտ Քոչարյանին: Դա դեռ չի նշանակում, որ նա անմեղ է եղել: Ես արձանագրում եմ, որ 2008 թվականի մարտի 1-ին նախորդող և հաջորդող իրադարձությունների ընթացքում Ռոբերտ Քոչարյանի գործողությունը՝ արտակարգ դրություն հայտարարելը, զինված ուժերը քաղաքական գործընթացներին ներքաշելը, եղել են հակաօրինական: Նա գերազանցել է իր սահմանադրական լիազորությունները և պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության: Իսկ մնացած մասնակիցները կամ Քոչարյանի ներկայացուցիչները քանի գանգատ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, դա այս պահին վարույթ իրականացնող մարմնի աշխատանքի գնահատականն է: Եթե լավ են աշխատել, ուրեմն անհանգստանալու տեղ չկա,  իսկ եթե վատ են աշխատել, փնթի են աշխատել, բնականաբար, ինձ համար մեծ ցավ է, և ես առիթ ունեցել եմ արձանագրելու, որ Մարտի 1-ի գործով որևէ մեկն իրավունք չուներ որևէ վրիպում, բացթողում անելու, որպեսզի թույլ չտային Քոչարյանին և նրա թիմին շահարկելու այս գործը: Ես կարծում եմ, որ այս գործը բացառապես պետք է գնահատել իրավական հարթության համատեքստում և հասնել նրան, որ այս գործով ողջ ճշմարտությունը բացահայտվի, և մեղավորները ենթարկվեն պատասխանատվության, ով ուզում է լինի: Նախորդ շաբաթ ԱԺ-ում կրկին խոսվեց անցումային արդարադատության մասին, շատերը նշում են, որ այն մեզանում կենսունակ լինել չի կարող: Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքն այս խնդրին: ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը մի քանի օր առաջ նույն ԵԽ-ում այսպիսի մի ձևակերպում էր արել, որ անցումային արդարադատությունը շարունակում է անորոշություն պարունակել: Եկեք արձանագրենք հետևյալը, որ 2018-ի օգոստոսի 17-ից հետո, երբ առաջին անգամ Նիկոլ Փաշինյանը խոսեց անցումային արդարադատության համակարգի ներդրման մասին, դեռևս որևէ գործնական քայլ այդ համակարգի ներդրման կամ այդ համակարգի հայեցակարգի շրջանառության մեջ դնելու մասին խոսակցություն չի եղել: Կառավարության ծրագրում դրա մասին որևէ հիշատակում չկա, և ես գնալով համոզվում եմ, որ Հայաստանում այդպիսի համակարգ չի էլ ներդվի, որովհետև անցումային արդարադատության փիլիսոփայությունը բոլորովին այլ շեշտադրումներ է պարունակում, և շատ դեպքերում նաև համահունչ չէ ՀՀ-ում ստեղծված իրավիճակին: Բոլորովին այլ խնդիր է, թե արդյոք Հայաստանի գործող իրավական բազայով կամ գործիքակազմով հնարավոր չէ երկրում օրինականություն վերականգնել: Ես համոզված եմ, որ այդպիսի խնդիր մենք չունենք, որ Հայաստանում լիարժեք կան բոլոր գործիքները անհրաժեշտության դեպքում ցանկացածին «ասֆալտին փռելու» համար: Այսինքն՝ մենք ոչ թե ինչ-որ նոր համակարգ ներդնելու, այլ եղած գործիքակազմը գործադրելու խնդիր ունենք:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
15-04-2019 11:51