ԻԿՐԱՆԵՏ կենտրոնը Հայաստանում նպաստում է ռելատիվիստական աստղաֆիզիկայի ոլորտում երկրի դիրքերի ամրապնդմանը

15-04-2019 00:56

Ռելատիվիստական աստղաֆիզիկայի ոլորտում հետազոտությամբ զբաղվող ԻԿՐԱՆԵՏ կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը գործունեության օրից հասցրել է լուրջ աշխատանքներ իրականացնել: Երևանում հայ-իտալական գիտական համագործակցությանը նվիրված միջոցառմանը մասնակիցներն ամփոփեցին համագործակցության ձեռքբերումները, ԻԿՐԱՆԵՏ-ի գործունեությունը Հայաստանում: «Հայաստանյան կենտրոնի աշխատանքներում հիմնականում ներգրավված են երիտասարդներ ԵՊՀ-ի տարբեր ֆակուլտետներից, հիմնականում ռադիոֆիզիկայի, ֆիզիկայի ֆակուլտետներից: Մեր հիմնական ուսումնասիրության առարկան տարբեր աստղաֆիզիկական աղբյուրներում տեղի ունեցող ֆիզիկական գործընթացներն են: Մենք օգտագործում ենք տարբեր աստղադիտակների, ինչպես օրինակ արբանյակների կամ երկրի մակերևույթի վրա տեղադրված դիտակներով գրանցված տվյալները, մշակում ենք դրանք և ստացված արդյունքներով փորձում ենք հասկանալ, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում: Կենտրոնը Հայաստանում ունի տարածաշրջանային նշանակություն, քանի որ այն կարգավորում է ԻԿՐԱՆԵՏ-ի գործունեությունը Կենտրոնական ասիական երկրներում՝ օրինակ Իրանում, Ղազախստանում: ԻԿՐԱՆԵՏ-ի ակտիվությունը նշված երկրներում իրականացնում է մեր կենտրոնը Հայաստանում: Նման կենտրոնի գոյությունը ցույց է տալիս, որ աստղաֆիզիկան Հայաստանում գտնվում է բավականին բարձր մակարդակի վրա»,- ասաց ԻԿՐԱՆԵՏ Հայաստանի տնօրեն Նարեկ Սահակյանը: Կենտրոնն իր գործունեության ընթացքում ուսումնասիրել է մեզանից շատ հեռու գտնվող աղբյուրներում տեղի ունեցող գործընթացներ: Ուսումնասիրություններ են կատարել տարբեր ալիքային տիրույթներում: Հայաստանյան կենտրոնը բավականին ակտիվ համագործակցում է նաև տարբեր միջազգային կազմակերպությունների հետ, հաճախ Երևանում կազմակերպում են գիտական միջոցառումներ, սեմինարներ: ԻԿՐԱՆԵՏ կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Ռեմո Ռուֆինին նշեց, որ կազմակերպությունը աշխարհի տարբեր երկրներում ունի իր կենտրոնները, սակայն Հայաստանի գրասենյակի համար ինքը հատուկ երազանք ունի, որը կներկայացնի նաև ՀՀ նախագահին: «Մյուս կենտրոնների համեմատ Հայաստանի նկատմամբ իմ վերաբերմունքն այլ է: Շուտով կենտրոն ենք բացում նաև Բելառուսում և Ղազախստանում, ես կցանկանայի, որ Հայաստանը լիներ տարածաշրջանի կիզակետը: Կցանկանայի, որ Հայաստանի ԻԿՐԱՆԵՏ-ն իր մասնաճյուղն ունենա նաև Երուսաղեմում»,-ասաց Ռուֆինին: Նա նաև տեղեկացրեց, որ տոնում են սև խոռոչի հայտնաբերումը: Առաջին սև խոռոչի պատկերը գրանցվել է ապրիլի 14-ին: ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը նշեց, որ Հայաստանի ԻԿՐԱՆԵՏԸ բավականին հաջող է իրականացվում գործունեությունը: «Ռելատիվիստական աստղաֆիզիկայի ոլորտում վերջին 2-3 տարվա ընթացքում ավելի քան 40 հետաքրքիր աշխատանքներ են տպագրվել միջազգային բարձր հեղինակություն ունեցող ամսագրերում: Գործունեության այս երկու տարվա ընթացքում արդեն իսկ երկու դիսերտացիա է պաշտպանվել: Եվ Հայաստանի դիրքերն այս ոլորտում ամրապնդվել են»,-նշեց նա:

Lragir.am,
15-04-2019 00:56