Սերժ Սարգսյանին հիշեցրին աղմկոտ ու տհաճ նամակը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը տեղեկություն է տարածել, որ նրան նամակ է հղել Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը: Ըստ տարածած տեղեկության, Նազարբաեւը նամակի մեջ պատմել է Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Թե ինչու՞ է նա որոշել անել դա, պարզ չէ: Ռոբերտ Քոչարյա՞նն է ինչ որ կերպ հարցրել, թե՞ Նազարբաեւն ինքն է որոշել կիսվել նրա հետ մտքերով: Այդ դեպքում ո՞րն է պատճառը: Արդյոք այն, որ Նազարբաեւի իշխանությունից հեռանալը հնարավոր է պայմանավորված էր այն նոր իրավիճակում, որ եվրասիական ակումբում առաջացրեց Սերժ Սարգսյանը՝ իշխանությունը թողնելով մեկ տարի առաջ, ընդ որում թողնելով ոչ թե իր ժառանգորդին, այլ հանրությանը, հայտարարելով եվրասիական ակումբի համար աննախադեպ մի բան՝ Նիկոլը ճիշտ էր, ես՝ սխալվեցի: Հատկանշական է այն, որ Սարգսյանի այդ քայլի կապակցությամբ մի շարք կասկածներ է հայտնել Ռոբերտ Քոչարյանը: Այդ իմաստով հատկանշական է, որ Նազարբաեւի նամակը նախորդում է մեկ այլ սպասման՝ Սերժ Սարգսյանի ելույթին: Նա հայտարարել է, որ կխոսի, երբ գա ժամանակը: Այն էլ Հայաստանի հանրային հեռուստատեսության միջոցով է հայտարարել: Իսկ մի շաք ՀՀԿ-ականների միջոցով հայտնում է, որ մոտ է ելույթի ժամանակը: Ընդ որում, կան լրատվամիջոցներ, որոնք հայտնել են, թե Սարգսյանը արդեն իսկ հարցազրույց է տվել Սոլովյովին, որը կհեռարձակվի ապրիլի 23-ին՝ հրաժարականի մեկ տարին լրանալու օրը: Խորհրդանշական է, որ Սերժ Սարգսյանը լռությունը խախտում է ռուսական մեդիային տված հարցազրույցով: Բանն այն է, որ դա այն տիրույթն է, որի միջոցով տասը տարի թե հայաստանյան, թե եվրասիական ամենատարբեր շրջանակներ պարբերաբար տորպեդահարում էին նրա նախագահությունը, ինչի գագաթնակետը փաստացի դարձրին 2016 թվականի ապրիլ-հուլիս հատվածը, հասցնելով վճռորոշ հարվածը: Բայց, Սերժ Սարգսյանը դրան էլ դիմացավ եւ կարողացավ իրավիճակը պահել այնքան, մինչեւ հասունացրեց իշխանությունը հանրությանը փոխանցելու հնարավորությունը, տալով դրա առիթը փաստացի երրորդ ժամկետ գնալու իր հանդուգն որոշմամբ: Իհարկե, Սարգսյանի համար այդ ժամկետը հանրությանը բորբոքելու համար չէր, այլ դիմադրությունը շարունակելու: Նա անկասկած լավ էր պատկերացնում դրա վտանգները՝ թե ներքին, թե արտաքին: Սարգսյանը լավ էր պատկերացնում, որ գործադիր իշխանության ղեկը գործող համակարգի որեւէ թեւի թողնելու դեպքում դառնալու էր այդ թեւի պատանդը, միշտ ենթակա անհրաժեշտ պահին զոհաբերվելու: Ըստ այդմ, Սարգսյանը գնաց երրորդ ժամկետի ճակատագրական որոշման, համարելով, որ՝ կամ կպահեր իշխանությունն ու կդիմադրեր՝ մինչեւ եվրասիական ակումբի անկումը,  կամ հանրությունը կընդվզեր, եւ կստեղծվեր հեղափոխական մի վիճակ, որտեղ թելադրողն արդեն կլիներ ժողովուրդն իր ներկայացուցչով, այլ ոչ թե նախկին իշխող համակարգի որեւէ թեւն իր «ժողովրդով»: Ու երբ երկրորդ իրավիճակը ստեղծվեց, Սարգսյանը անհրաժեշտ պահին կայացրեց պատմական որոշումը, նախընտրելով հանձնել իշխանությունը հանրությանը, քանի որ հեռացողներն այդպիսի դեպքերում շատ ավելի հուսալի անվտանգության երաշխիք են ստանում հանրային հենքով իշխանությունից, քան իրենց համակարգի որեւէ այլ թեւից: Այժմ Սերժ Սարգսյանը պատրաստվում է խոսել, եւ անկասկած նրա խոսքի գլխավոր հասցեատերը լինելու է ոչ թե հանրությունը, այլ եվրասիական ակումբը՝ որը պարբերաբար քայլեր էր անում նրան հանձնելու ուղղությամբ, եւ Հայաստանի իշխող համակարգի այն թեւը կամ բեւեռը, որն այդ հանձնման շահառուն էր, իսկ մի քանի դեպքում էլ՝ ցանկության իրականացմանը թվում է թե բավական մոտ: Իսկ իրավիճակը հատկանշական է նրանով, որ նախկին իշխող համակարգն ու եվրասիական ակումբը բավական մեծ ռեսուրս են նետել դաշտ՝ մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցածի դեմ տեղեկատվա-քարոզչական ալիքի, որոշակի քաոտիկ իրականություն ձեւավորելու համար: Ահա այդ իրադրությունում, Սերժ Սարգսյանի հրապարակային խոսքը գործնականում աջակցություն կարող է լինել ոչ թե այդ ծրագրերին, այլ հակառակը՝ թավշյա հեղափոխությանը որոշակի նոր, գուցե երկրորդ  շնչառություն հաղորդելուն: Նազարբաեւի նամակը Քոչարյանին գալիս է դրան ընդառաջ: Զուգադիպությա՞մբ, թե՞ շատ նուրբ տողատակով, երբ Սարգսյանին նոր նամակով հիշեցնում են մի հին նամակ, որ նույն Նազարբաեւը ստացել էր Ալիեւից եւ կարդում էր ԵՏՄ Վեհաժողովում, Սերժ Սարգսյանին նվաստացնելու համար: Փաստացի, Ռոբերտ Քոչարյանն ու Նազարբաեւը իրենց նամակով Սերժ Սարգսյանին կամա թե ակամա հիշեցնում են Աստանայում ընթերցված Ալիեւի այդ նամակը: Սերժ Սարգսյանն այն ժամանակ լռեց, հետո մի քանի շաբաթ անց Երեւանում հայտարարեց, թե տհաճ էր: Նազարբաեւը Ռոբերտ Քոչարյանին գրել է, որ ջերմությամբ է հիշում համատեղ աշխատանքի տարիները: Ինչ կփոխվի Սերժ Սարգսյանի առաջիկա խոսքում:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
15-04-2019 13:11