ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Հայաստան-Կոստա Ռիկա բարեկամության խումբ ստեղծելու նախաձեռնությանը

15-04-2019 13:46

ՀՀ ազգային ժողովում կստեղծվի Հայաստան-Կոստա Ռիկա բարեկամական խումբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը նախաձեռնությանը դրական եզրակացություն տվեց ապրիլի 15-ի նիստում: «Կենտրոնական Ամերիկայում Հայաստանն առանձնապես ակտիվ չի եղել: Եվ այստեղ բավականին մեծ ակտիվություն է ցուցաբերել Ադրբեջանը, ինչի հետևանքով տարածաշրջանի որոշ երկրներում տեղ են գտել որոշակի հակահայկական նախաձեռնություններ: Մեքսիկայում Հայաստանի դեսպանը հանդիպումներ է անցկացրել Կոստա Ռիկայում: Եվ անցյալ տարվանից Կոստա Ռիկայի խորհրդարանում գործում է Հայաստանի հետ բարեկամության խումբ: Առաջարկվում է Հայաստանի Ազգային ժողովում ևս ստեղծել նմանատիպ խումբ»,- նշեց հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը: Հայաստան-Կոստա Ռիկա բարեկամական խումբ ստեղծելու առաջարկին հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն տվեց:

Lragir.am,
15-04-2019 13:46