Ասանժը Էկվադորի դեսպանատունը լրտեսության կենտրոնի էր վերածել. Էկվադորի նախագահ

15-04-2019 14:17

Ջուլիան Ասանժը փորձել է օգտագործել Լոնդոնում Էկվադորի դեսպանատունը որպես «լրտեսության կենտրոն», հայտարարել է Էկվադորի նախագահ Լենին Մորենոն: Մորենոն Guardian-ին տված հարցազրույցում ասել է, որ Վիկիլիքսի հիմնադիր Ասանժը խախտել է դեսպանատանը մնալու պայմանները և փորձել է այն օգտագործել որպես լրտեսության կենտրոն: «Ցավոք, մեր տարածքում և մեր նախորդ իշխանությունների թույլտվությամբ Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը հնարավորություն է տրվել միջամտել այլ երկրների ներքին գործերին: Մենք չենք կարող թույլ տալ, որ մեր տունը, որ բացել է իր դռները, լրտեսության կենտրոն դառնա: Այդ գործունեությունը խախտում է ապաստանի տրամադրման պայմանները: Մեր որոշումը կամայական չէ, հիմնված է միջազգային իրավունքի վրա», – նշել է Մորենոն: Էկվադորի նախագահը պատմել է, որ 7 տարի շարունակ դեսպանատանը քրեական հետապնդումից ապաստան ստացած Ասանժը վատ է վերաբերվել էկվադորցի պաշտոնյաներին, չարաշահել էկվադորցիների համբերությունը: Նա, Լենին Մորենոյի խոսքով, ագրեսիվ արշավ է սկսել Էկվադորի դեմ: Ասանժը Էկվադորի դեսպանատանն է եղել 2012 թվականից սկսած: Նա ձերբակալվել է 2019 թվականի ապրիլի 11-ին: ԱՄՆ-ում Ասանժին սպառնում է մինչև 35 տարվա ազատազրկում կամ մահապատիժ:

Lragir.am,
15-04-2019 14:17