Խաղաղություն չենք քարոզում, այլ առաջարկներ ենք անում կարգավորման պլատֆորմ ստեղծելու համար. Նիկոլ Փաշինյան

15-04-2019 15:51

Ղարաբաղյան հակամարտության բանակցություններում ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ հանդիպումներին հաջորդող ու նախորդող հայտարարությունները երբեմն չեն համապատասխանում բուն խոսակցության ոգուն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը կոչ է անում՝ եթե անհրաժեշտ է, շատ բան չասել բանակցությունների ժամանակ, շատ չծավալվել, բայց ասել ինչ-որ բան, որ մարդիկ հասկանան՝ լուրջ մարդկանց հետ գործ ունեն: Հարցին, թե իշխանությանը մեղադրում են անվերջ խաղաղություն քարոզելու մեջ, այն դեպքում, երբ Ադրբեջանը ռազմատենչ հայտարարություններ է անում, Փաշինյանը պատասխանել է, որ դա սխալ մեկնաբանություն է. «Խաղաղություն քարոզում ենք որոշակի շատ վերջավոր շրջանակում», – ասել է նա: Միևնույն ժամանակ Փաշինյանը նշեց, որ խաղաղություն չեն քարոզում, այլ առաջարկներ են անում կարգավորման պլատֆորմ ստեղծելու համար: «Կա պատերազմի ճանապարհը, կա խաղաղության ճանապարհը: Մենք ասել ենք՝ մեզ պատերազմով չեք վախեցնի, եկեք որոշենք, ի վերջո, ուզում ենք խաղաղության պլատֆորմի վրա լուծենք այս հարցը, թե ոչ», – նշել է Փաշինյանը:

Lragir.am,
15-04-2019 15:51