Ոչ մեկը թող չնյարդայնանա, բոլորի պատասխանատվության պահը կգա. Նիկոլ Փաշինյան

15-04-2019 16:11

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադարձել է իր դեմ ֆլեշմոբին և այն պնդումներին, թե չի կատարել իր խոստումները: Լրագրողի հարցին, թե մարդիկ պնդում են, որ, օրինակ, Սաշիկ Սարգսյանի 50-50-ները չեն բացահայտվել, Նիկոլ Փաշինյանը հարցով պատասխանեց. «Ես ուզում եմ հասկանալ՝ ավարտվե՞լ է ինչ-որ բան, հա՞: Նկատի ունեմ՝ հիմա մենք ինչ-որ մի հատ վավերագրական ֆիլմի մեջ ենք, որտեղ արդեն գրվել է՝ ֆիլմի վերջը, և էկրանը մգացե՞լ է: Էդ որ ասում են՝ չի բացահայտվում, ի՞նչը չի բացահայտվում»: Նա անդրադարձավ հարցին, որ Սաշիկ Սարգսյանը Եվրոպայում է, իսկ նրա որդին ասում է, թե հայրը հանգստանալու է մեկնել: Ըստ Փաշինյանի՝ քրեական գործ է հարուցված, մեղադրանք է առաջադրված, և քննչական մարմինը, քննիչը հնարավորություն է տվել, որպեսզի մեղադրյանը հանրապետությունից դուրս գա ինչ-ինչ նկատառումներով: “Այդ որոշումը ես չեմ կայացրել, և եթե պարզվի, որ այդ որոշումը սխալ է դատավարական առումով և որևէ մեկին պետք է հնարավորություն տա պատասխանատվությունից խուսափել, այդ թույլտվությունը տված անձինք խստագույն պատժի կենթարկվեն: Ես էլի եմ ասում՝ մեր խնդիրն այն չէ, որ մարդկանց քառատենք: Ուրիշ հանգամանքի մասին եմ բազմիցս նշել, որ մեր քննչական մարմիններն այսօր աշխատում են կրկնակի, եռակի ու քառակի ծանրաբեռնվածությամբ: Եվ նաև ասել եմ, որ ինքս էլ որոշակի վերապահումներ ունեմ կոռուպցիայի դեմ պայքարում մեր իրավապահ մարմինների էֆեկտիվության վերաբերյալ: Ես այսօր էլ եմ այդ թեմայով զրույց ունեցել”,- նշեց նա: Ինչ վերաբերում է այսօրվա ակցիային, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ որքանով հասկացել է՝ կազմակերպիչները նաև Սաշիկ Սարգսյանի կողմնակիցներն են: “Հիմա, ասենք, Սերժ Սարգսյանի որոշ կողմնակիցներ մեզ մեղադրում են, որ Սերժ Սարգսյանին չենք ձերբակալել, Սաշիկ Սարգսյանի կողմնակիցները մեզ մեղադրում են, որ այս չենք արել, այն չենք արել: Ես խորհուրդ եմ տալիս՝ ոչ մեկը թող չնյարդայնանա, բոլորի պատասխանատվության պահը կգա, բոլոր նրանց, ովքեր ՀՀ օրենքով սահմանված կարգով խախտում են թույլ տվել: Ի՞նչ է, ցանցերը ձեռքներս փողոցներով վազենք , մարդ բռնե՞նք, ես հեղափոխության ժամանակ էլ հայտարարել եմ, որ մեր խնդիրը դա չի լինելու: Այդպիսի նպատակ մեր առաջ դրված չէ”,- հավելեց վարչապետը:

Lragir.am,
15-04-2019 16:11