Հողային ռեֆորմների միջոցով պետք է բարձրացնել վարելահողերի օգտագործման մակարդակը. գյուղնախարարի պաշտոնակատար

15-04-2019 16:08

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հողային ռեֆորմների վերաբերյալ օրենսդրական փոփոխություններից հետո նախատեսում է հիմնել հողերի պարտադիր վարձակալության ինստիտուտ: «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գևորգյանը: Նա խիստ կարևորեց հողային ռեֆորմների միջոցով վարելահողերի օգտագործման մակարդակի բարձրացումը, հողերի միավորումն ու խոշորացումը, կոոպերացումը, ինչպես նաև հողերի պարտադիր վարձակալության ինստիտուտի հիմնումը, գյուղատնտեսական ռիսկերի մեղմումը, ագրարային կրթության ուժեղացումը և շուկաների ստեղծումը: «Հայաստանում այսօր հողերի 40 տոկոսը տարբեր պատճառներով չի օգտագործվում՝ արդյունավետության պակաս կա, սեփականատերերի զգալի մասը Հայաստանում չի գտնվում: Մենք պետք է իրականացնենք հողերի գույքագրում, բացահայտենք հողերը չմշակելու պատճառները, օրենսդրական փոփոխություններ իրականացնենք, որն իրենից կենթադրի հողերի պարտադիր վարձակալության ինստիտուտի հիմնումը: Մենք չենք ցանկանում զրկել որևէ մեկին սեփականության իրավունքից, սակայն հողերը չօգտագործելու դեպքում կարող է տրամադրել այլ անձանց»,- նշեց Գևորգյանը: Նրա պնդմամբ, եթե գյուղացին ցանկանա հողը վաճառել, սակայն չունենա գնորդ, ապա պետությունը կգնի այդ հողատարածքը, ինչից հետո պետության պարտականությունները կլինեն կոնսոլիդացնել, խոշորացնել ու փաթեթով վաճառել:

Lragir.am,
15-04-2019 16:08