Օղակը սեղմվում է. Լուկաշենկոն մահմեդականություն էլ կընդունի

Բելառուսի նախագահ Լուկաշենկոն Թուրքիա այցին ընդառաջ ջերմեռանդ ռեվերանսներ է արել Թուրքիայի նախագահ Էրդողանի եւ թուրք ժողովրդի հասցեին, անվանելով հերոսական, առնական, եւ հայտարարելով, որ Թուրքիան հիմնարար դեր ունի ժամանակակից աշխարհի ձեւավորման գործում: Բելառուսի նախագահը այդ մասին խոսել է օրերս Ռուսաստանի հասցեին հերթական կոշտ հայտարարությունից հետո, երբ հայտարարել էր, թե Ռուսաստանն այնքան է լկտիացել, որ կապում է իրենց ձեռքերը: Բելառուսի նախագահը հայտարարել է, թե իր եւ Էրդողանի համար աղոթում է Աստծուն ու Ալլահին: Եթե այդպես շարունակվի, ապա գուցե հեռու չէ այն օրը, երբ Բելառուսի նախագահը կհայտարարի մահմեդականություն ընդունելու մասին, եթե դա պահանջվի իր դիրքերը պահպանելու համար: Համենայն դեպս նկատելի է, որ Լուկաշենկոն պատրաստվում է եւ խոսելով Թուրքիայի հիմնարար դերի մասին, փորձում իր իշխանության հիմնարար երաշխիքների ուղղություն դիտարկել նաեւ Թուրքիան: Ի դեպ, Եվրամիությունը Լուկաշենկոյին հրավիրել է մայիսի 10-ին ներկա լինել Բրյուսելում Արեւելյան գործընկերության անդամ երկրների ղեկավարների հանդիսավոր ճաշկերույթին, որ ԵԽ նախագահ Տուսկը տալիս է ԱլԳ 10-ամյակի կապակցությամբ: Բայց, մեծ հավանականությամբ Բելառուսի նախագահը չի մեկնի ԵՄ: Կամ գուցե կփորձի ստանալ երաշխիքներ, որ Եվրամիությունը կընդունի Բելառուսի նախագահի նոր ընտրության արդյունքը: Թեեւ, դժվար է պատկերացնել, թե ինչպես պետք է Եվրամիությունն անի դա: Միաժամանակ պարզ չի նաեւ, թե երբ է տեղի ունենալու այդ ընտրությունը: Բելառուսը անցկացնելու է թե խորհրդարանի, թե նախագահի նոր ընտրություն, բայց, դեռեւս պարզ չէ, թե դրանիցից որը եւ երբ է տեղի ունենալու: Ավելի վաղ այդ երկրի ԿԸՀ նախագահը ասել էր, թե դա կորոշի նախագահը, եւ եթե խորհրդարանի ընտրությունը լինի 2019-ին, ապա նախագահի ընտրությունը կլինի 2020-ին, կամ հակառակը՝ նախագահի ընտրությունը 2019-ին եւ խորհրդարանի ընտրությունը՝ 2020-ին: Բոլոր դեպքերում, Լուկաշենկոն արդեն պատրաստվում է թե ներքին, թե արտաքին դաշտում: Չի բացառվում, որ Թուրքիայի հանդեպ ջերմեռանդ խոնարհումով Լուկաշենկոն ուզում է առեւտրի խթանել թե Բրյուսելին, թե Մոսկվային: Ավելին, այդ իմաստով հետաքրքիր է, որ ապրիլի 8-ին Մոսկվայում Պուտին-Էրդողան հանդիպումը կարծես թե անցել էր նախորդների համեմատ որոշակի սառնությամբ: Պուտինը խոսել էր այն մասին, որ չնայած հանդիպման ջերմությանը, միայն միմյանց հասցեին հաճոյախոսություն չէ, որ արել են: Չի բացառվում, որ Մոսկվան օգտվել է առիթից, որ ՏԻՄ ընտրություններում Էրդողանը հայտնվել էր բավական անհարմար վիճակում, փաստացի պարտվելով խոշոր քաղաքներում, այդ թվում հիմնարար նշանակություն ունեցող Ստամբուլում: Իհարկե, այժմ նա հայտարարում է ընտրության արդյունքը վիճարկելու մասին, բայց հնարավոր է վիճարկել արդյունքը, սակայն հնարավոր չէ փոխել իրողությունը: Պուտինն ըստ երեւույթին փորձել է օգտագործել պահն ու փոքր ինչ լավ դիրքի գալ Էրդողանի հետ հարաբերությունում, ինչն էլ թերեւս զգացել է Լուկաշենկոն, մտածելով, որ Էրդողանին առաջարկելով իր ծառայությունը, դրանով կարող է բարելավել Պուտինի հանդեպ իր դիրքերը: Իսկ այդ դիրքերում Լուկաշենկոն կարծես թե ունի որոշակի խնդիրներ, քանի որ զգում է, որ գտնվում է Պուտինի 2024-ի պլանների սցենարային տարբերակների շարքում: Իսկ դա նշանակում է, որ Մոսկվան կարող է նույնիսկ խնդիրներ հրահրել Բելառուսի նախագահի ընտրության գործընթացում, որպեսզի հետո Լուկաշենկոն ստիպված լինի այդ խնդիրները հաղթահարելու հարցում դիմել Ռուսաստանին՝ Պուտինին: Լուկաշենկոն անշուշտ զգում է Եվրասիական սեղմվող շրջանակի հանգամանքը, շրջանակի նեղացումը: Սերժ Սարգսյանի հրաժարականը նա կարող էր դիտարկել Սարգսյանի անկարողության կամ Հայաստանի ներքին այլ խնդիրների համատեքստում, բայց Նիկոլ Փաշինյանը, դնելով ՀԱՊԿ հարցը, ցույց տվեց, որ ամեն ինչ շատ ավելի լուրջ է եւ լայն: Իսկ Նազարբաեւի հեռանալն արդեն ստիպում է մտածել: Գործնականում եվրասիական շրջանակում հարցը հանգում է կամ-կամ-ի: Աշխարհքաղաքական իրողությունների բերումով եվրասիական կաթսան թերեւս խիստ փոքրանում է այդ քանակի ամբողջատեր առաջնորդների համար, եւ ակնառու է օպտիմալացման գործընթացը, թելադրված մի շարք համաշխարհային հանգամանքների ազդեցությամբ: Ըստ երեւույթին, եվրասիական շրջանակում մնալու է մեկը՝ Պու՞տինը, թե՞ Լուկաշենկոն: Դրա՞ համար է Բելառուսի նախագահը սկսել աղոթել իր ու Էրդողանի համար:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
15-04-2019 16:35