Նիկոլ Փաշինյանը՝ ռուսական հեռուստաընկերությունների պահվածքի մասին

15-04-2019 16:47

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, որ ռուսական պետական հեռուստաընկերություններով իրեն մեղադրում են քաղաքական հետապնդումների համար, մասնավորապես, հիշատակում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը: Հարցին, թե ինքն ասում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները նորմալ են, բայց փաստորեն ռուսական հեռուստաալիքներով նման քարզչություն է իրականացվում, Փաշինյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ հարաբերությունների նորմալ լինելը հենց դա էլ նշանակում է, որ հարաբերությունները նորմալ են, բայց ռուսական հեռուսատաալիքները մեղադրում են ինչ-որ բանի մեջ: Ես կարող եմ ասել, որ ինչպես հայաստանյան լրատվամիջոցներն են ազատ, այնպես էլ ռուսական լրատվամիջոցներն են ազատ: Չնայած հիմա կարծիքներ կան, որ պետք չէ օտարերկրյա լրատվամիջոցները Հայաստանում լինեն նույնքան ազատ, ինչքան հայաստանյան լրատվամիջոցները: Կարծում եմ, որ յուրաքանչյուր պետություն, յուրաքանչյուր հեռուստաընկերություն, նաև հեռարձակողները պետք է շատ հստակ գիտակցեն, որ եթե մենք այլ երկրի տարածքում հեռարձակվում ենք, դա որոշակի կոռեկտության սահմաններ է ենթադրում, որը պետք է պահպանվի»: Հարցին, թե հնարավո՞ր է, որ ռուսական պետական հեռուստաընկերությունները Հայաստանում սահմանափակ հեռարձակվեն, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ոչ, ես կարծում եմ, որ ռուսական հեռուստաընկերություններն այս խնդիրը հաշվի կառնեն և համապատասխան հետևություններ անեն: Բայց որևէ մեկը մյուսի կարծիք արտահայտելու իրավունքը չի սահմանափակում: Հայաստանում էլ կան այդպիսի տեսակետներ, ես կարծում եմ՝ գործը դատական փուլ կմտնի, և միջազգային հանրությունը հնարավորություն կունենա տեսնելու»:

Lragir.am,
15-04-2019 16:47