Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ԲՀԿ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի հետ

15-04-2019 17:03

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, շարունակելով հանդիպումների շարքը Ազգային ժողովի խմբակցությունների հետ, ապրիլի 15-ին հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, Ազգային ժողովի նախագահի տեղակալ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները մտքեր են փոխանակել Ազգային ժողովի աշխատանքների, միջազգային հարթակներում նրա գործունեությանն առնչվող հարցերի վերաբերյալ: Նշվել է, որ խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում Ազգային ժողովին բավականին ակտիվ և ծավալուն աշխատանք է վերապահված ինչպես օրինաստեղծ ոլորտում, այնպես էլ խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում: Վահե Էնֆիաջյանն անդրադարձել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության գործունեության առաջնահերթ ուղղություններին: Նախագահ Արմեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում համագործակցել խորհրդարանի հետ և աջակցել նրա գործունեությանը:

Lragir.am,
15-04-2019 17:03