ՀԱԱՀ ռեկտորը Նիկոլ Փաշինյանին ներկայացրեց համալսարանի բարեփոխումները

15-04-2019 17:01

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց կատարեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը վարչապետին ներկայացրեց համալսարանում կատարված և նախատեսվող բարեփոխումները: «Բուհը նախատեսում է անցնել բակալավրիատի 4 տարվա և մագիստրական 2 տարվա կրթական ծրագրերին: Շուտով կստեղծվի նաև գիտելիքների ստուգման և թեստավորման նոր կենտրոնը: Կենտրոնի ստեղծման համար արդեն ունենք բոստոնահայ բարերար ընտանիքի կողմից մոտ 36 մլն դրամի նվիրատվություն»,- ասաց Ուռուտյանը: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Ագրարային համալսարանը կարևոր է նրանով, որ երկրի աշխատուժի մեծ մասը զբաղված է գյուղատնտեսության ոլորտում, բայց մարդիկ չարչարվում են առանց արդյունքի: «Մեր խնդիրն այն է, որ չարչարանքը դառնա աշխատանք: Տարբերությունն այն է, որ երկրորդի մեջ հաճույքի ու բավարարվածության շատ մեծ կոմպոնենտ կա, և կլինի արդյունավետ: Պետք է նաև հնարավորինս ֆիզիկական ուժի կիրառումը նվազի ու ավելանա մտավոր ռեսուրսի կիրառումը»,- նշեց Փաշինյանը: Վարչապետին ներկայացվեցին նաև այն նախագծերն ու ծրագրերը, որոնք արդեն կյանքի են կոչվել բարերարների ու համալսարանի համաֆինանսավորման շնորհիվ:

Lragir.am,
15-04-2019 17:01