ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց կառավարության կառուցվածքի փոփոխության նախագծին

15-04-2019 17:31

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և հարակից նախագծերի փաթեթին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախագիծը հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Կառավարության ներկայացրած նախագծի համաձայն՝ Կառավարությունը կազմված է վարչապետից, երկու փոխվարչապետներից եւ նախարարներից: Կառավարության  կառուցվածքում ընդգրկվում են հետեւյալ նախարարությունները. 1) աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, 2) առողջապահության նախարարությունը, 3) արդարադատության նախարարությունը, 4) արտակարգ իրավիճակների նախարարությունը, 5) արտաքին գործերի նախարարությունը, 6) կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, 7) շրջակա միջավայրի նախարարությունը, 8) պաշտպանության նախարարությունը, 9) տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը, 10) բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը, 11) Էկոնոմիկայի նախարարությունը, 12) ֆինանսների նախարարությունը: Սփյուռքի նախարարությունը կմիավորվի վարչապետի աշխատակազմին, որտեղ կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ: Բացի այդ, վարչապետի աշխատակազմում կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի հայեցողական պաշտոնը, ով կկազմակերպի վարչապետի՝ սփյուռքի հետ կապված քաղաքականության ապահովման և սփյուռքի հետ տարվող աշխատանքների միասնականության ապահովման աշխատանքները: «Նախարարությունների վերակազմավորման փուլում կրճատվող աշխատատեղերը հիմնականում վերաբերելու են քաղաքական և հայեցողական պաշտոններին, նախարարներին, նրանց տեղակալներին, խորհրդականներին, մամուլի քարտուղարներին, նախարարների տեղակալների օգնականներին, ինչպես նաև քաղաքացիական ծառայության ղեկավար մարմինների պաշտոններից գլխավոր քարտուղարին և նրանց տեղակալներին: Նշված հաստիքների թվային ցուցանիշը կազմում է մի քանի հարյուր: Միաձուլվող նախարարությունները իրենց բոլոր հաստիքներով տեղափոխվելու են նոր ստեղծված նախարարության կազմ՝ բացառությամբ վերը թվարկված պաշտոնների»,- ասաց Զեյնալյանը: Նա հավելեց, որ նախարարությունների միաձուլումից հետո մի քանի ամսվա ընթացքում նախատեսվում է օպտիմալացնել կրկնվող աջակցող ստորաբաժանումների գործառույթները, որի արդյունքում կրկնվող աջակցող ստորաբաժանումների թվաքանակը կկրճատվի: «Սակայն արդարության սկզբունքից ելնելով՝ օպտիմալացումը իրականացվելու է ոչ թե մեխանիկական ճանապարհով հաստիքների թվաքանակի զուտ կրճատման միջոցով, այլ ապահովվելով բոլորի համար հավասար հնարավորություններ: Այսինքն, բոլոր աշխատակիցները կունենան հավասար մրցակցային պայմաններ դրսևորել աշխատանքի արդյունավետության, որակի առավել բարձր ցուցանիշներ և դրա շնորհիվ՝ աշխատանքը շարունակելու հնարավորություն: Միացվող պետական կառավարման համակարգի մարմինների քաղծառայողները կվերանշանակվեն մինչև վերակազմակերպումը զբաղեցրած պաշտոնին հավասարազոր կամ ավելի ցածր պաշտոնի նոր մարմնում: Չհամաձայնվելու դեպքում քաղաքացիական ծառայողը կարող է գրանցվել կադրերի ռեզերվում»,- մանրամասնեց նախարարը:

Lragir.am,
15-04-2019 17:31