Գյուղատնտեսության նախարարությունը նախատեսում է ապահովագրել խաղողի և ծիրանի տնտեսությունները ցրտահարության և կարկուտի ռիսկերից

15-04-2019 17:50

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը խոստանում է սուբսիդավորել գյուղացիների ապահովագրավճարների առնվազն 50 տոկոսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում, այս մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գևորգյանը: «Ապահովագրական ընկերությունները միացել են պիլոտային ծրագրին, այժմ նրանք իրենց ներքին սպասարկման աշխատանքներն են իրականացնում, որպեսզի վաճառեն ապահովագրական պոլիսները: Ընդգրկված է 6 մարզ, որտեղ կապահովագրվեն խաղող և ծիրան աճեցնող գյուղացիական տնտեսությունները ցրտահարության և կարկուտի ռիսկերից»,- նշեց  նախարարի պաշտոնակատարը: Նա նշեց, որ նախատեսվում է իրականացնել ծախսերի ռիսկերի  ապահովագրում: Եթե ֆիզիկական անձը կամ ֆերմերը  1 հա այգու խնամքի համար ծախսել է 1 200 000 դրամ, ապա ապահովագրությունը կփոխհատուցի նրա ծախսերը: Բերքի կորուստների նվազեցման և դրանցից խուսափելու համար իրականացվում է կարկտապաշտպան ցանցերի ներդրման սուբսիդավորման վարկային ծրագիր:

Lragir.am,
15-04-2019 17:50