Ձնամարտի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Հայաստանում

15-04-2019 17:49

Ձնամարտը Հայաստանում որպես սպորտաձև զարգանալու նոր հեռանկարներ է ձեռք բերում: Ապարանում այս տարվա փետրվարին անցկացված Ձնամարտի առաջնությունից հետո Հայաստանի ձնամարտի ֆեդերացիան գրանցեց իր մյուս հաջողությունը․ պաշտոնական հրավեր ստացավ Ֆինլանդիայի ձնամարտի ֆեդերացիայից: Ապրիլի 5-ից 7-ը Ֆինլանդիայի Կեմիյարվի քաղաքում Հայաստանի հավաքականը մասնակցեց Ձնամարտի՝ Եվրոպայի 24-րդ առաջնությանը, որի շրջանակներում մրցեց մի շարք եվրոպական երկրների թիմերի հետ: Ի սկզբանե ձնամարտի առաջնությունը նախադեպային է եղել ոչ միայն Հայաստանում, այլ նաև ողջ տարածաշրջանում: Հայաստանի հարևան երկրներից ոչ մեկը Ձնամարտի միջազգային միության անդամ չէ: Ձնամարտի հայաստանյան հավաքականը Ֆինլանդիայից վերադարձել է մեծ տպավորություններով: Մեկնել են առաջնության նախորդ օրը: Հայտարարելով դրամահավաք՝ հասել են իրենց նպատակին, քանի որ, իրենց ասելով, առաջնային նպատակը հայրենական սպորտի առաջխաղացումն է: Ֆեդերացիայի ծրագրերի համակարգող Արտակ Գևորգյանի խոսքով՝ սպորտաձևի համայնքին ծանոթանալը նրանց շատ բան է սովորեցրել․ «Եվրոպա ուղևորվելով՝ մենք հնարավորություն ստացանք նաև խորությամբ ճանաչել ձնամարտի ռազմավարությունը, իսկ մրցակից թիմերն ապահովեցին լավագույն փորձի իրենց փոխանակումը»: Արտակի համար տպավորիչ էր այն լրջությունը, որով Եվրոպայում վերաբերվում են ձնամարտին: Արտերկրում այն արդեն կայացել է՝ որպես առանձին սպորտաձև, դե իսկ Հայաստանում հաջողելու ճանապարհին է․ «Մեզ մոտ էլ կարող են ձևավորվել առանձին թիմեր ու մասնակցել ձնամարտի միջոցառումներին: Մեր մրցակից երկրների շարքում կային այնպիսիք, որոնք ներկայացրել էին միանգամից 3 թիմ»: Ֆեդերացիայի հիմնադիր Տիգրան Պետրոսյանը ամենակարևոր ձեռքբերումը համարում է համագործակցության մեկնարկը մասնակից երկրների հետ․ «Ֆինլանդիայում մենք հուշագրեր կնքեցինք Նորվեգիայի, Ֆինլանդիայի և Ռուսաստանի ձնամարտի ֆեդերացիաների հետ: Այս պահին ունենք նախնական պայմանավորվածություն, որ Ձնամարտի՝ Եվրոպայի 27-րդ առաջնությունը կանցկացվի Հայաստանում»,-հպարտությամբ նշում է Տիգրանը՝ հավելելով, որ այսքանով չեն սահմանափակվելու: Առաջիկայում նպատակ ունեն բացել ձնամարտի ակումբներ համալսարաններում և դպրոցներում, որը թե՛ կնպաստի սպորտաձի մասին հանրային իրազեկմանը, թե՛ կապահովի ավելի մեծ թվով մարդկանց մասնակցություն: Տղաների խոսքով՝ ձնամարտը չի կարելի համարել բացառապես սեզոնային սպորտաձև․ «Ֆինլանդիայում մեզ մեր գործընկերը ցույց տվեց արհեստական, փափուկ ձնագնդեր, որոնք նախատեսված են ամռանը ձնամարտ խաղալու համար: Օրինակ, Ճապոնիայի մեր գործընկերները խաղեր են կազմակերպում նաև ամռանը, այնպես որ Հայաստանում այն ևս հնարավոր է»,-նշեցին ֆեդերացիայի անդամները:

Lragir.am,
15-04-2019 17:49