Վարչապետի զայրույթն ու մեղադրանքը. ով պետք է դիմում գրեր

«Թող դիմում չգրեր», ավտոմաքսատանը հայտնի դրվագի վերաբերյալ լրագրողների հարցին պատասխանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դրվագը դարձավ հանրային մեծ քննարկման առարկա: Նիկոլ Փաշինյանն իր պարզաբանումներում փաստացի վերահաստատել է, որ ճիշտ է վարվել: Նա խոսել է այն մասին, թե եթե այդպիսի վերաբերմունք է վարչապետի այցի ընթացքում, ապա ինչպիսի՞ն է վերաբերմունքը շարքային քաղաքացիների հետ շփում ունենալիս: Նիկոլ Փաշինյանն իր եզրահանգման հարցում իրավացի է, սակայն դա իրավացի չի դարձնում վարքագիծը: Ընդհանրապես, ավտոմաքսատան միջադեպի վերաբերյալ հարցադրումներում գերակշռում է, թե ինչու՞ ի վերջո վարչապետն այդպես զայրացավ: Կասկած չկա, որ խնդիրը զուտ դրոշի հանդեպ վերաբերմունքը չէր: Դա առիթ էր, թեեւ իհարկե դրոշի հանդեպ վերաբերմունքի հարցում Հայաստանի բոլոր քաղաքացիները պետք է լինեն զգայուն, որեւէ մեկի հանդեպ, ով կարող է անփութորեն վարվել պետական դրոշի կամ այլ խորհրդանիշների հետ: Բայց վարչապետի որոշակի զայրալից տրամադրությունը նկատելի էր դեռ սենյակ մտնելիս, երբ դրոշը չէր էլ տեսել: Դա հիմք է տալիս եզրակացնել, որ զայրույթի պատճառը շատ ավելի լայն է, իսկ որոշ առումով գուցե ընդհանրապես ենթագիտակցական վիճակում, անցնող ամիսների ընթացքում կուտակված որոշակի մտորումների եւ ընկալումների արդյունք: Միաժամանակ իհարկե նաեւ հենց ավտոմաքսատանն իրավիճակից բխող արձագանք: Նախ ենթագիտակցական հավանական շերտի մասին: Նիկոլ Փաշինյանն արդեն մի քանի ամիս շարունակ փորձում է հանրության հետ երկխոսություն ծավալել երկրում իրավիճակի փոփոխության հիմնարար շարունակության համար քաղաքացու անհատական պատասխանատվություն-նախաձեռնողականության շուրջ: Բայց երկխոսությունը չի ստացվում կամ չի ստացվում այն արդյունավետությամբ, ինչպես ակնկալում կամ պատկերացնում է վարչապետը: Շերտերը կամ խմբերը, որոնք նախկին համակարգի եւ համակեցության նախկին կանոնների շահառու են, այդ փորձը անմիջապես վերածում են հեգնանքի եւ ընդդիմախոսության, չափազանց անորակ եւ նենգափոխումներով լի: Դրան ի պատասխան գալիս է այլ ծայրահեղություն-հակադարձում, որտեղ ավելի շատ գերիշխում է վարչապետի պաշտպանությունը, քան բովանդակային քննարկումը իրապես կարեւոր երեւույթի շուրջ: Այդպիսով, դրված խնդիրը հայտնվում է երկու ծայրահեղությունների ապակառուցողական արանքում: Ավտոմաքսատանը Նիկոլ Փաշինյանը որոշակիորեն բախվեց այդ խնդրին՝ իհարկե պետական կառավարման համակարգի աշխատանքի նեղ շրջանակում, եւ դրան էլ գումարվեց ավտոմաքսատանը տիրող ընդհանուր իրադրությունը՝ կոնկրետ գերատեսչության ավելի լայն իմաստով անբավարար աշխատանքի դրսեւորումը: Դա էլ թերեւս բերեց նյարդային վիճակի եւ արձագանքի արդեն շատ կոնկրետ դեպքում: Որովհետեւ այստեղ առկա էր նաեւ մյուս կարեւոր ասպեկտը՝ մինչեւ վերադասը, տվյալ դեպքում վարչապետը չի բղավում եւ չի դրսեւորում որոշակի ագրեսիա, չի լինում զգաստություն: Եվ սա հայկական հանրությունում նույնիսկ ոչ միայն կառավարման համակարգի, այլ ընդհուպ մշակութաբանական խնդիր է: Բարեկիրթ վերաբերմունքն ընկալվում է թուլություն, ուշադրության անարժան մի երեւույթ: Այդուհանդերձ, որքան էլ հասկանալի եւ բացատրելի կարող են լինել պատճառները, շարժառիթները, վարքագիծն ինքնին արդարացի չէ, քանի որ այդ վարքագիծն էլ իր հերթին խնդիր լուծող չէ: Այն կարող է խորացնել խնդիրը, լուծել չի կարող: Այդ տեսանկյունից, վարչապետի արձագանք-պարզաբանումն էլ հուշում է, որ խորքային առումով դրվագը փակուղու դրսեւորում է, երբ վարչապետն ասում է, թե՝ թող դիմում չգրեր, ես ինչ անեմ: Չէ՞ որ այդպիսով էլ նա իր զայրույթն է արժեզրկում: Վարչապետը զայրացել է, հրահանգել է ազատել աշխատանքից, աներկբա տոնով, հետո մեկ այլ առիթով ասել, թե ինքը մի բանը մի անգամ է ասում: Այդ դեպքում ինչպե՞ս կարող էր մաքսային աշխատակիցը չգրել դիմումը: Ի՞նչ կաներ այդ դեպքում վարչապետ Փաշինյանը, եթե տեղեկանար, որ իր աներկբա հրահանգը իրականացված չէ: Ըստ այդմ, աշխատակցի վարքագիծը վարչապետի զայրույթի արդյունքն է: Այդ դեպքում վարչապետը պետք է պատասխանատվություն ստանձնի այդ արդյունքի համար: Առավել եւս, որ կարելի է պատկերացնել, թե իրականում ինչպես է եղել «դիմում գրելը»: Կառույցի ղեկավարությունը աշխատակցին հորդորել է դիմում գրել, խուսափելով նրան ազատելու պատասխանատվությունից: Փաստորեն, վարչապետի պարզաբանման մեջ կա նաեւ որոշակի ակնարկ այդ աշխատակցի ղեկավարների հասցեին, որոնք փաստորեն չեն էլ փորձել պատասխանատվություն ստանձնել իրենց վրա եւ պաշտպանել աշխատակցին: Եվ դա Նիկոլ Փաշինյանի հայտարարության ակնարկ-մեղադրանք է ՊԵԿ ղեկավարների, ընդհուպ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հասցեին: Դավիթ Անանյանը օրերս հայտարարում էր, թե ինքը դիմում չի գրի, ինքն է կառույցի աշխատանքի գլխավոր պատասխանատուն, բայց դիմում չի գրի, որովհետեւ դա կնշանակի փախչել պատասխանատվությունից: Շատ իրավացի մոտեցում է: Բայց խորքում որոշակիորեն երկդիմի, որովհետեւ վարչապետը ոչ թե Անանյանին էր աներկբա հրահանգել դիմում գրել, այլ նրա ենթակայությամբ աշխատող կառույցների աշխատակիցներից մեկին: Ըստ այդմ, ամբողջ պատասխաատվության համար համարձակությունը պետք է ենթադրեր, որ Դավիթ Անանյանը դիմում չգրեր մի դեպքում՝ եթե դիմում չի գրում նաեւ աշխատակիցը, ու նրա չգրելու պատասխանատվությունը ստանձներ վարչապետի առաջ: Բայց, ստացվել է թերեւս հակառակը, եւ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե՝ «թող դիմում չգրեր», գործնականում մեղադրանք է նաեւ կառույցի ամբողջ ղեկավար կազմին, եւ թերեւս հենց ղեկավարին, որ նա չի համարձակվել լիարժեք պաշտպանել աշխատակցին՝ թե այդ պահին, թե հետագայում: Բայց, հենց այդ հանգամանքն էլ հուշում է, որ պետք է կոշտ խոսել ղեկավար կազմի հետ, որովհետեւ աշխատակիցները վարչապետի կոշտության խնդիրը չեն: Ի վերջո, պետական կառավարման համակարգը արդյունավետ կաշխատի, եթե պատասխանատվության տակ դրվի վարչապետի եւ հարյուր հազարավոր շարքայինների  «միջնորդ» օղակը՝ մեծ ու փոքր մենեջերական կազմը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
15-04-2019 18:18